armenpress.am: Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու հնարավորություն չի տեսնում:
Պատգամավորը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական սադրանքներին:
Ըստ նրա՝ Ադրբեջանը փորձում է ճնշումը մեծացնել, այս դեպքում դա արտահայտվում է ոչ թե բուն սպառնալիքների կամ բանակցային գործընթացներում կոշտացող բառապաշարով, այլ կոնկրետ առաջնագծում իրավիճակը սրելով: Ընդ որում, վերջին մի քանի օրերին թիրախավորվում են նաև խաղաղ բնակավայրերը:
«Ես լայնամասշտաբ ռազմական գործողությունների հնարավորություն այս պահին չեմ տեսնում՝ ոչ թե այն պատճառով, որ Ադրբեջանը ագրեսիվ չէ կամ ընդունակ չէ դրան, այլ, կարծում եմ, որ ադրբեջանական քաղաքական նպատակները, որոնք հռչակվում են, այս փուլում ենթադրում են ոչ թե լայնամասշտաբ ռազմական գործողություններ, այլ որոշակի սահմանափակ ճակատով գործողությունների իրականացում Հայաստանի տարածքի այն ուղղություններով, որոնք Ադրբեջանի համար կարող են մարտավարական ու ռազմավարական գերակայության տեսանկյունից կարևոր հանգրվան դառնալ»,- նշեց Աբրահամյանը:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները վերջին օրերին սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Ապրիլի 7-ին ժամը 00.30-ից 1.00 ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից փոքր տրամաչափի զինատեսակներից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը:
Ապրիլի 8-ին ևս Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Արավուս և Խոզնավար բնակավայրերի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարբերաբար կեղծ տեղեկություններ է տարածում հայկական զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
comment.count (0)