1lurer.am։ Սևանա լճից այս տարի մոտ 143 մլն խմ-ով ավելի քիչ ջրառ է իրականացվել, քան վերջին տարիներին, և 56 մլն խմ-ով ավելի քիչ, քան 2018 թվականին: Այդ մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ դա ամենօրյա աշխատանքի արդյունք է:
«Նշվում էր, որ ոռոգման կարիք ունի 32 հազար հեկտար տարածք, սակայն պարզվել է, որ այդ տարածքների թիվն իրականում ավելի փոքր է, և մենք այդ տվյալները ներկայացնելու ենք Կառավարություն»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ Սևանա լճի մասով պետք է լուծվի երկու հիմնական հարց՝ ջրի մակարդակի բարձրացում և կեղտաջրերի մուտքի նվազեցում: Նախարարն ասաց, որ 2019-ին Սևանա լճում մաքրման աշխատանքներ են իրականացվել, հեռացվել է երկու ցանցավանդակային տնտեսություններից մեկը, լիճ է լցվել մեծաքանակ կենսունակ տարիքի մանրաձուկ, ինչը կբարելավի ձկնաշխարհի վերարտադրությունը:
Անդրադառնալով անտառային ոլորտում իրականացված փոփոխություններին՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս տարի խստացվել է անտառահատումների մասով պատասխանատվությունը: «Եթե նախկինում անտառահատումների դեպքերը սահմանափակվում էին վարչական պատասխանատվությամբ, ապա հիմա այն ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն, և դա բերել է անտառահատումների էական նվազեցման»,- ասաց նախարարը:
Նա նաև նշեց, որ այս տարի բարձրացվել է անտառապահների աշխատավարձը, նրանց բաժանվել է ամառային և ձմեռային արտահագուստ:
Է.Գրիգորյանը տեղեկացրեց, որ Ստեփանավանի անտառտնտեսությունում սենսորներ են տեղադրվել, որոնց միջոցով վերահսկվում է անտառում տեղի ունեցող բոլոր գործողությունները: Ծրագիրը պիլոտային է, և եթե այն արդարացնի իրեն, ապա կլինի շարունակական:
Նախարարը նաև վստահեցրեց, որ կաթիլային համակարգի ներդրմամբ վերականգնելու են Նորքի անտառները:
comment.count (0)