Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ․ թարմացվող
17:59 - 14 ապրիլի, 2024

Իրանի օդային հարձակումը Իսրայելի դեմ․ թարմացվող

17:19- Հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն  և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ Հեռախոսազրույցից հետո Նեթանյահուն  չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը:

16:38-Իրանի և Իսրայելի միջև առճակատումը դեռ չի ավարտվել։ Իսրայելը հարձակման է ենթարկվել հարյուրավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով, և Իսրայելի պաշտպանության ուժերը տպավորիչ կերպով խափանել են այդ հարձակումը։ ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ մենք կարողացանք պաշտպանել Իսրայելի տարածքը։ Շատ քիչ վնաս է հասցվել. սա Իսրայելի պաշտպանության բանակի տպավորիչ գործողությունների արդյունքն է։ Մենք հստակ սկզբունք ենք որոշել՝ ով մեզ վնասի, մենք կվնասենք նրանց, մենք պաշտպանվելու ենք ցանկացած սպառնալիքից և դա անելու ենք սահուն և վճռականորեն:

[Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտ] |factor.am|

15:19- Այս պահին Իրանը մտադիր չէ շարունակել պաշտպանական գործողությունները, սակայն անհրաժեշտության դեպքում չի վարանի պաշտպանել իր օրինական շահերը ցանկացած նոր ագրեսիայից։ Օրինական պաշտպանության իրավունքի իրացումը ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հանդեպ:

[Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան] |news.am|

14։50-  ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Լիբանանում «Հըզբոլլահ» խոշոր արտադրական օբյեկտին հարվածելու մասին՝ ի պատասխան երկրի տարածքի գիշերային հարձակման։

13։17- ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Իսրայելի տարածքի վրա հարձակման վերաբերյալ. «Ծայրաստիճան մտահոգություն ենք արտահայտում տարածաշրջանում հերթական վտանգավոր էսկալացիայի հետ կապված։ Բազմիցս զգուշացրել ենք, որ Մերձավոր Արեւելքում բազմաթիվ ճգնաժամերի, առաջին հերթին պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի չկայունացումը, որոնք հաճախ հրահրվում են անպատասխանատու սադրիչ գործողություններով, կհանգեցնի լարվածության աճի։ Ներգրավված բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում»։

12։05- Զոհեր ու վիրավորներ Երուսաղեմի հայ համայնքը  չունի: Մենք ապահով ենք։ Ամէն ինչ հանգիստ է։ Գնում ենք Սուրբ Յարութեան Տաճար՝ աղօթքի[Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սրբոց Հակոբյանց միաբանության անդամ Տեր Տիրան վարդապետ Հակոբյան] |1lurer.am|

11։05- Իսրայելը բացում է երկրի օդային տարածքը, գրում է իսրայելական Ynet-ը։ Հորդանանը ևս հայտնել է օդային տարածքը բացելու մասին՝ նշելով, որ այն նախատեսվածից ավելի քան երեք ժամ շուտ է տեղի ունենում, իսկ Իրաքի ավիացիոն մարմինը հայտարարել է, որ անվտանգության ռիսկերն այժմ հաղթահարված են:

10։39- Այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ն հրատապ նիստ կանցկացնի Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների առնչությամբ։ |reuters.com|

10։35- Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։

10։30- ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն Իրանի հետ, այլ մտադիր է աջակցել Իսրայելի պաշտպանությանը։ CNN-ին աղբյուրները փոխանցել են, որ Ջո Բայդենը Իսրայելի վարչապետի հետ զրույցում նշել է՝ ԱՄՆ-ը չի մասնակցի Իրանի դեմ ոչ մի հարձակողական գործողության։ Բայդենը նաև ասել է, որ Իսրայելը պետք է այս երեկոն համարի հաղթանակ, քանի որ ԱՄՆ ներկայիս գնահատականն այն է, որ Իրանի հարձակումները հիմնականում անհաջող են եղել և ցույց են տվել Իսրայելի գերազանց ռազմական հնարավորությունները։

10։07- Գիշերվա ընթացքում Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է շուրջ 300 հրթիռներ, որոնց 99%-ը խոցվել է ՀՕՊ-ի կողմից, հայտնում են Իսրայելի պաշտպանության բանակից։ Պաշտպանության բանակի խոսնակ Հագարին նշել է, որ Իրանը 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր հրթիռ և 100-ից ավել բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, և ոչ մեկը չի մտել Իսրայելի օդային տարածք։ Դրանք բոլորը կործանվել են երկրի սահմաններից դուրս Իսրայելի և նրա դաշնակիցների կողմից:

🔸 Հագարի խոսքով՝ փոքր վնաս է հասցվել Նևաթիմի ավիաբազային, սակայն այն աշխատում է սովորական ռեժիմով:

04։15- Իսրայելական YNET-ը, հղվելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնում է, որ չեզոքացվել է Իրանի կողմից արձակված հրթիռների 99 %-ը։

04։05-  Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ընդհանուր 150 հրթիռ, որից 70-ը առաջին արձակման, իսկ 80-ը՝ երկրորդի ժամանակ։ Այս մասին ABC-ին հայտնել է ամերիկացի բարձաստիճան պաշտոնյան։

03։42- ֆրանսիական ռազմածովային ուժերը տեղակայվել են՝ Իսրայելին առաջիկա իրանական հարձակումներից պաշտպանելու համար, հայտնում են արևմտյան և ֆրանսիական պաշտոնյաները։ [The Wall Street Journal]

03։10- ԻՐՆԱ-ն հաղորդում է, որ իրանական հրթիռները թիրախներ են խոցել Իսրայելի Նեգևի շրջանում։

03։08- Հորդանանյան ինքնաթիռները խոցել են իրանական տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնք Հյուսիսային և Կենտրոնական Հորդանանով թռչում էին Իսրայելի ուղղությամբ: Այս մասին հայտնում են տարածաշրջանային անվտանգության երկու աղբյուրներ, փոխանցում է «Ալ Արաբիան»։

02։50- Իրանը հայտարարում է, որ Իսրայելի վրա իր հարձակումը պատասխան է Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը հարվածելուն, և «այդ հարցը կարելի է լուծված համարել»։ «Սա Իրանի եւ իսրայելական ռեժիմի հակամարտությունն է, որից ԱՄՆ-ն պետք է հեռու մնա», - նշել են ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունից։

02:37- Ամերիկացի երկու պաշտոնյաներ հայտնում են, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ՀՕՊ համակարգերը իրանական մի քանի անօդաչու թռչող սարքեր են որսացել: Աղբյուրները չեն հստակեցրել, թե ինչպես է ԱՄՆ-ն որսացել անօդաչու թռչող սարքերը և որտեղ: |CNN|

02:30- Իսրայելական 12-րդ ալիքը հայտնում է, որ Իրանից արձակվել են թևավոր հրթիռներ, և որ դրանց թռիչքի ժամանակը ավելի քիչ է, քան անօդաչու թռչող սարքերինը: Ալիքը հայտնում է նաև, որ Իսրայելի ուղղությամբ գործարկվել է իրանական անօդաչու թռչող սարքերի երրորդ ալիքը:

02:25- Իրանի հարվածն Իսրայելին ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված ինքնապաշտպանություն է: Այս մասին, ԻՐՆԱ-ի հաղորդմամբ, հայտարարել են ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունից։

02։14- Իսրայելական ռազմական աղբյուրը ABC News-ին հայտնել է, որ Իրանը հարվածներ է հասցրել միայն ռազմական օբյեկտներին, քաղաքացիական օբյեկտները հարձակման չեն ենթարկվել: Իսրայելի պաշտպանության բանակը նաև մեծացրել է անօդաչուների ժամանման կանխատեսումը. առաջին անօդաչու թռչող սարքերը սպասվածից մեկ ժամ շուտ կմոտենան Իսրայելի տարածքին՝ տեղական ժամանակով ժամը 13:00-ին։

01։57 - Ֆրանսիան դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա։ Նման աննախադեպ գործողությունների դիմելով՝ Իրանը ևս մեկ քայլ է կատարում ապակայունացնող իր գործողություններում և ռազմական էսկալացիայի վտանգ առաջացնում։ Այս մասին հայտարարում է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։

01։57 - Ես ամենավճռական կերպով դատապարտում եմ Իսրայելի վրա իրանական ռեժիմի հարձակումը։ Իրանը հերթական անգամ ցույց է տալիս, որ մտադիր է սեփական տարածքում քաոս սերմանել։ Նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

01:49 - Reuters գործակալությունը, հղվելով բանակում իր աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիան ռուսական արտադրության իր «Պանցիր» զենիթահրթիռային համալիրները բարձր պատրաստության վիճակի է բերել մայրաքաղաք Դամասկոսի և հիմնական բազաների շուրջ, եթե Իսրայելը հարվածի։

 Աղբյուրները հայտնել են, որ ակնկալում են, որ Իսրայելը կպատասխանի Իրանի կողմից ցանկացած հարձակման՝ հարված հասցնելով բանակային բազաներին և օբյեկտներին, որտեղ տեղակայված են իրանամետ աշխարհազորայինները:

01:43 - Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։

01:37 - Լիբանանի Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ երկրի օդային տարածքը ժամանակավորապես փակ կլինի բոլոր ժամանող, մեկնող և տարանցիկ օդանավերի համար՝ կապված տարածաշրջանային իրադարձությունների հետ։

01:26 - Իսրայելական 12-րդ ալիքը, առանց որևէ աղբյուրի հղում կատարելու, հայտնում է, որ Իսրայելը սկսել է Սիրիայի և Հորդանանի վրայով իրանական անօդաչու թռչող սարքեր որսալ:

Միևնույն ժամանակ, Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է հարևան երկրներին, որ անօդաչու թռչող սարքեր որսալու նպատակով Իսրայելի համար օդային տարածքը բացելու դեպքում կդառնան թիրախ:

01:20 - Ի պատասխան սիոնիստական ռեժիմի հանցագործության, այն է՝ Դամասկոսում իրանական դեսպանական հյուպատոսական բաժնի վրա հարձակումը, ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) ռազմաօդային ուժերը տասնյակ անօդաչուների եւ հրթիռների օգնությամբ հարված են հասցրել սիոնիստական ռեժիմի տարածքում գտնվող կոնկրետ թիրախների։ [«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»]

01:14 - Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարում է, որ հարված է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» դիրքերին՝ ի պատասխան այսօր ավելի վաղ Իսրայելի հյուսիսում անօդաչու թռչող սարքի հարձակման, որի արդյունքում լուրջ վիրավորվել է անվտանգության աշխատակիցը։ Նշվել է, որ սա կապ չունի Իսրայելի վրա Իրանի շարունակական հարձակման հետ։|timesofisrael.com|

01:06 -Հորդանանի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է որսալ և խոցել իրանական ցանկացած անօդաչու թռչող սարք կամ ինքնաթիռ, որը կխախտի նրա օդային տարածքը, հայտնում են տարածաշրջանային անվտանգության ոլորտի երկու աղբյուրներ: Նրանք նշում են, որ բանակը նաև բարձր պատրաստվածության վիճակում է, իսկ ռադարները հետևում են անօդաչու թռչող սարքերի տեղաշարժին: |timesofisrael.com|

00:51 - Սպիտակ տունը հայտարարում է՝ նախագահ Ջո Բայդենը իրավիճակի մասին պարբերաբար տեղեկություններ է ստանում իր ազգային անվտանգության թիմից և նրանց հետ այսօր կեսօրին կհանդիպի Սպիտակ տանը: Նախագահի թիմը մշտական կապի մեջ է իսրայելցի պաշտոնյաների, ինչպես նաև այլ գործընկերների և դաշնակիցների հետ:

00:49 -  Իսրայելը, Հորդանանը, Եմենն ու Իրաքը փակել են իրենց օդային սահմանները։

00:27 - ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակի) խոսնակ Դանիել Հագարին հաստատում է, որ Իրանից արձակված տասնյակ անօդաչու թռչող սարքեր ուղղվում են դեպի Իսրայել: Նա նշել է, որ իսրայելական օդուժը հետևում է անօդաչու թռչող սարքերին՝ միաժամանակ հավելելով, որ մի քանի ժամ կպահանջվի մինչև դրանք հասնեն երկրի տարածք: |timesofisrael.com|

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել