news.am: Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ։
Պարբերականի տվյալների համաձայն, հենց այս չորս երկրի հետ է Լոնդոնն ակնկալում կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի անալոգը։ Բարձրացվել է նաև Բրազիլիայի, Կոլումբիայի, Պարագվայի, Պերուի և Էկվադորի հետ հնարավոր համագործակցության հարցը, սակայն Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ այդ երկրների իշխանություններին դա առանձնապես չի հետաքրքրի։ Գոյություն ունի աֆրիկյան պետությունների պահուստային ցուցակ, որի կազմում են Անգոլան, Կաբո Վերդեն, Տանզանիան, Տոգոն, Սենեգալը և Սիերա Լեոնեն, որոնց հետ բրիտանական կողմը կարող է երկխոսություն սկսել։ Գամբիան, Մարոկկոն, Նամիբիան և Թունիսը հրաժարվել են քննարկել այդ հարցը։
Պարբերականը հիշեցրել է, որ Մեծ Բրիտանիան արդեն մեկուկես տարի փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Երկրի վարչապետ Ռիշի Սունակը հույս ուներ համապատասխան համաձայնագրեր կնքել անցած աշնանը, սակայն բանակցությունները փակուղի են մտել, քանի որ բրիտանական իշխանություններին դեռևս չի հաջողվել ոչ մի անօրինական ներգաղթյալ ուղարկել Ռուանդա։
Ինչպես ընդգծում է թերթը, Լոնդոնը տեխնիկական բանակցություններ է սկսել Երևանի հետ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Հայաստան էր այցելել թագավորության փոխարտգործնախարար Լեո Դոկերտին։ Հաղորդվում է, որ Հայաստանի իշխանությունները հետևում են Ռուանդայի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացումներին այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանը քվեարկեց նոր օրենքի օգտին: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալները կկարողանան դրա համար դիմել Ռուանդայում, ինչպես նաև ենթադրում է ներգաղթյալների արտաքսման հնարավորության բացառումը իրենց հայրենի երկրներ, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ:
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում հայտնված հրապարակմանը, որտեղ տվյալների արտահոսք է եղել Հայաստան ներգաղթյալներ ուղարկելու շուրջ Մեծ Բրիտանիայի բանակցությունների վերաբերյալ
«Հայաստանն ու Մեծ Բրիտանիան քաղաքական երկխոսության լայն օրակարգ ունեն։ Բայց բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի շուրջ (The Times) չեն եղել\, - @ArmeniaSputnik -ին հայտնել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
comment.count (0)