Կիրանցեցիները խարույկ են վառել. կգիշերեն ճանապարհին
22:13 - 21 ապրիլի, 2024

Կիրանցեցիները խարույկ են վառել. կգիշերեն ճանապարհին

Գիշերը ևս շարունակելու ենք փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։ Այս մասին հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ 

Նա նշել է, որ տեղեկություններ կան, թե հատուկ նշանակության ստորաբաժանումներ են ուղարկվում այնտեղ։

Այս պահին քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում։

Հիշեցնենք, որ այսօր Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Երեկ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Սակայն, ըստ քաղաքացիների, զինված ուժերից եկել էին և փորձել ականազերծման աշխատանքներ իրականացնել Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից հատվածում, ինչին, սակայն, բնակիչները խոչընդոտել էին։ Կիրանց գյուղի հարակից հատվածներում ևս փորձել էին ականազերծման աշխատանքներ անել, ինչի պատճառով էլ բնակիչները կրկին ոտքի էին կանգնել ու փակել Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը։

Ոստիկանները պնդել են, որ ՊՆ աշխատակիցները տեղյակ չեն եղել բնակիչների հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, դրա համար էլ եկել են ականազերծման աշխատանքներ իրականացնելու։

Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել