Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ
21:04 - 23 ապրիլի, 2024

Լարված իրավիճակ Բագրատաշեն տանող ճանապարհին․ կան բերման ենթարկվածներ

Երեկոյան 18։00-ից տավուշցիները փակել էին Բագրատաշեն գնացող ճանապարհահատվածը։ Սկզբում ոստիկանները նրանց փողոցի երթևեկելի հատվածից տարան դեպի մայթեզր։ Մոտ մեկ ժամվա ընթացքում ոստիկանության մեծաթիվ ուժեր կուտակվեցին ճանապարհի այդ հատվածում։ Քիչ անց քաղաքացիները մեքենաներով փակեցին Ախթալայից դեպի Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը։

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանները պահանջեցին անհապաղ բացել ճանապարհը։ Ոստիկանությունը, բոլոր ուժերը գործի դնելով, րոպեներ անց սկսեց ճանապարհը բացելու գործողություն։ Վերջիններս ոչ միայն մեքենաներն էին հանում ճանապարհից ,այլ նաեւ բերման ենթարկում ընդդիմացող քաղաքացիներին։

Ճանապարհի մի քանի հարյուր մետր երկարությամբ, տարբեր հատվածներում քաշքշուքներ էին քաղաքացիների և ոստիկանության ծառայողների միջև։

Ի վերջո, որոշ ժամանակ անց ոստիկանության գործողությունների արդյունքում ճանապարհի երթևեկելի հատվածը բացվեց, երթևեկությունը վերականգնվեց և տեղանքում հավաքված մեքենաները կարողացան շարունակել ճանապարհը։

Իրավիճակը մի պահ հանդարտվեց, սակայն որոշ ժամանակ անց  քաղաքացիները ինքնաբուխ փակեցին ճանապարհի մեկ այլ հատված, և ոստիկանները նրանց շուրջը պատ կազմելով քաղաքացիներին հրեցին դեպի մայթեզր։ Այս ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում էր, մի քանի քաղաքացիներ դարձյալ բերման ենթարկվեցին։

Այժմ իրավիճակը հանդարդ է, քաղաքացիները շարունակում են մնալ դեպի Բագրատաշեն տանող ճանապարհահատվածում, սակայն ոչ երթևեկելի գոտում, տարածքում են նաև ոստիկանության մեծաթիվ ուժեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել