Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին
11:31 - 28 ապրիլի, 2024

Իրանի գլխավոր հյուպատոսն ու Սյունիքի մարզպետն այցելել են Կապանի ԲԿ՝ տեսակցելու ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին

Երեկ՝ ժամը 17:27-ին, Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

 

Դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:

 

Սյունիքի մարզպետի աշխատակազմի անդամները՝ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ, անմիջապես մեկնել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղից շտապօգնության անձնակազմերը օպերատիվորեն հասել էին դեպքի վայր ու տեղափոխում էին վիրավորներին։

Վթարի վայրում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետի աշխատակազմից, վիրավորների տեղափոխումից հետո հյուպատոսն այցելել է Կապանի ԲԿ ու մարզպետի հետ շրջել վիրավորների հիվանդասենյակներում․ պաշտոնյաները հետաքրքրվել են նրանցից յուրաքանչյուրի վիճակով, առողջության ու այլ հարցերի հետ կապված առաջնային կարիքներով։

Ըստ ականատեսների՝ ավտոբուսում 25-26 ուղևոր էր եղել։ Նրանց մի մասն առանց վնասվածքների էր ու հրաժարվել է հետագա բժշկական օգնությունից։

Կապանի ԲԿ էր տեղափոխվել 11 վիրավոր (որոնցից 3-ի վիճակն է գնահատվում ծանր) և մեկ զոհի մարմին։

Մորթեզա Աբեդինը շնորհակալություն է հայտնել՝ իրենց քաղաքացիներին օպերատիվորեն ու կազմակերպված օգնություն ցույց տալու համար։

Ըստ Փրկարար ծառայության վերջին տվյալների՝ վթարի հետևանքով կա 5 զոհ և 9 տուժած:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել