hetq.am: Մոսկվան Երևանից սպասում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի «հակառուսական հայտարարությունների» վերաբերյալ ռուս խորհրդարանականների դիմումի պատասխանին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ինչպես նշում է ռուսական կողմը, ավելի վաղ ելույթ ունենալով Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում՝ Սիմոնյանը «Ռուսաստանին մեղադրել էր Ուկրաինա ներխուժելու մեջ և հայտարարել, որ Հայաստանը վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:
«Գիտեք, ես չգիտեմ, թե որ ուժերի մասին ով ինչ է մտածում։ Հուսով եմ, որ նրանք, ովքեր նման հայտարարություններ են արել, բավականաչափ ուժ կունենան պատասխան ուղարկելու ռուս խորհրդարանականների ուղերձին, որն ուղարկվել է այս տարվա ապրիլի 24-ին»,- ասել է Զախարովան։
«Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն։ Առաջին հերթին, հավանաբար, ռուս խորհրդարանականները կուսումնասիրեն այն և անհրաժեշտության դեպքում կմեկնաբանեն հրապարակավ։ Հետևաբար, մենք ուժ ենք մաղթում պատասխանը պատրաստելու համար»,- հավելել է ռուսաստանցի այս պաշտոնյան։
Ավելի վաղ, Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել էր հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերաբերյալ ՝ ընդգծելով, թե «չի կարելի անուշադրության մատնել այդպիսի ռուսատյաց ելույթները»: Նրա խոսքով՝ «Ալեն Սիմոնյանն արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»։
comment.count (0)