Քաղաքացիները ժամեր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում օպերայի հարակից տարածքում
20:33 - 15 մայիսի, 2024

Քաղաքացիները ժամեր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում օպերայի հարակից տարածքում

Այսօր ժամը 16։00-ից «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման աջակից քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում Ազատության հրապարակին հարակից տարածքներում։  

Օպերայում այսօր ընթանում էր ՎԶԵԲ միջազգային ֆորումը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները մետաղե արգելափակոցներով եւ մեծաթիվ մարդուժով փակել էին Օպերային հարակից փողոցները։

Հյուսիսային պողոտայի սկզբնամասում քաղաքացիները փորձեցին անցնել դեպի Թումանյան փողոց, սակայն ոստիկանները նրանց հետ հրեցին, որպեսզի ճանապարհը բաց լինի կառավարական մեքենաների եւ հյուրերի համար։ 

Ժամեր շարունակ քաղաքացիները կանգնած էին ոստիկանական պատնեշից եւ արգելափակոցներից այն կողմ, երբ իրավիճակը մի պահ լարվեց ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճի ընթացքում։ Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց իրավիճակը։

Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն մայոր հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։  Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։

Որոշ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, նշելով, որ միջոցառումը կավարտվի 22։00-ին և փողոցները փակ կմնան մինչ այդ ժամը։ 

Չնայած այս հայտարարություններին՝ ութից երկու րոպե անց ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Քաղաքացիները շարժվեցին դեպի Սբ. Աննա եկեղեցի, իսկ այս պահին ընթանում է հավաք՝ Բագրատ Սրբազանը ամփոփում է այսօր իրականացրած քայլերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել