hetq.am: Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանին ու ընտանիքի անդամներին 2024թ․ սեպտեմբերի 24-ին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Հ․ Մանուչարյանին պատկանող գույքն ուսումնասիրվել է, կազմվել է ամփոփագիր:
Բերդ համայնքի նախկին ղեկավարին, կնոջը՝ Նաիրա Մանուչարյանին, որդուն՝ Անուշավան Մանուչարյանին դատախազություն են հրավիրել՝ ծանոթանալու ուսումնասիրության նյութերին, ներկայացնելու դիրքորոշում:
Դատախազությունն այս փուլում չի հանրայնացնում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել կամ ինչ դրամային պահանջ ունի։ Պատճառաբանում են, թե շահագրգիռ անձինք կարող են պարզաբանումներ, ապացույցներ ներկայացնել, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի կամ չափերի փոփոխության։ Հետևաբար, ձեռնպահ են մնում ցանկը նախապես հրապարակելուց։
Հիշեցնենք, որ Հարություն Մանուչարյանի և որդու նկատմամբ իրականացվում է նաև քրեական հետապնդում։ Նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ քննության։
Ըստ մեղադրանքի՝ Տավուշի մարզի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը չի կանխել իր որդու՝ Անուշավան Մանուչարյանի կողմից Բերդ քաղաքի Խորենացի փողոցում գտնվող, իրեն պատկանող հողամասում մոտ 240 քմ մակերեսով եռահարկ առանձնատուն, դրան հարակից ավտոտնակ և ծածկ ինքնակամ կառուցելը։
Մասնավորապես՝ 2015թ.-ից տեղեկացված լինելով որդու կողմից առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի շուրջ 3 մետր բարձրությամբ, 105քմ մակերեսով պարսպի կառուցման, այնուհետև` 2016թ.-ին շուրջ 750քմ մակերեսով առանձնատան կառուցման վերաբերյալ, որպես համայնքի ղեկավար միջոցներ չի ձեռնարկել խախտումները վերացնելու, կասեցնելու համար և, անձնական շահագրգռվածությունից ելնելով, որդու նկատմամբ պատասխանատվության միջոց չի կիրառել։
Այնուհետև, որդու դիմումի հիման վրա, նրան տրամադրել է արդեն իսկ ապօրինի կառուցված շենք-շինությունների վերաբերյալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, ապօրինի կառուցված պարսպի և շինության կառուցման շինթույլտվություն։ Մեղադրանքի համաձայն՝ Հարություն Մանուչարյանը մի շարք այլ անձանց հետ կազմել և շրջանառության մեջ է դրել կեղծ փաստաթուղթ՝ շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը, թե իբր Տավուշի մարզի Բերդ համայնքի Խորենացի փողոցում կառուցապատումն իրականացվել է 14.05.2017թ.-ից մինչև 14.10.2019 թվականը՝ տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա։ Նույն օրը կազմել և իր ստորագրությամբ և համայնքապետարանի կնիքով հաստատել է «Շահագործման թույլտվության» ակտը, տրամադրել է որդուն, որի հիման վրա վերջինս դիմել է Կադաստրի կոմիտե և ապօրինի կառուցված շենք-շինությունների համար ստացել է սեփականության վկայական։
Կառուցված ինքնակամ շինությունները սահմանված կարգով չեն օրինականացվել, որի հետևանքով Բերդ համայնքի բյուջե չի մուտքագրվել ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարման ենթակա մոտ 1 մլն 198 հազ․ դրամը, ինչն էական վնաս է պատճառել Բերդ համայնքի շահերին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
comment.count (0)