civilnet.am: «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 21-ին հանդիպել է Արցախի կառավարության անդամների, ԱԺ պատգամավորների և համայնքի ղեկավարների հետ։ Բագրատ սրբազանն արցախցիներին ներկայացրել է շարժման գաղափարները, առաջիկա անելիքները։
«Մեր այս շարժման նպատակն իրական խաղաղություն ունենալն է` թե՛ մտքի, թե՛ ֆիզիկական, իսկ պատերազմի հրահրողն այսօրվա գործող իշխանությունն է իր ղեկավարով հանդերձ։ Մեր պայքարը ճշմարտության մասին է և այն պետք է հաղթի։ Մեզ համար առաջնային է երկրում հաշտության օրակարգ ունենալը, արցախցի և հայաստանցի, սև և սպիտակ բաժանումը, ատելությունը մենք պետք է վերացնենք»,- նշել է նա։
Խոսելով Արցախի և արցախցիների խնդիրների մասին՝ Բագրատ սրբազանն ասել է․ «Երբ արցախյան շարժումը սկսվել է, միշտ ասել եմ՝ մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցը առանձին դիտարկենք հայոց հարցից: Արցախի հարցը ոչ մի բանով պակաս չէ Ցեղասպանության հարցից: Հայկական հարցի շարանի մեջ առանձին չի կարող դիտարկվել, որ չդառնա արցախյան խնդիր, այլ հայրենական, որ հայության այս «տեսակը» մյուսից չտարբերվի։ Այս փուլում Արցախի խնդիրը պետությունից պետք է տեղափոխել մարդու: Մեր գործողությունների կերպը պետք է լինի մարդը: Գոնե այս փուլում ամեն ջանք պետք է ներդրվի՝ միջազգային ու ոչ միջազգային, վերադառնալու տուն՝ որևէ ձևով չվտանգելով այն հանգամանքը, որ այսօր գտնվում ենք շատ փխրուն վիճակում։ Վաղը պարագաները կարող են արմատապես փոխված լինել»:
Սահմանազատման ներկա գործընթացի դեմ Տավուշում ցույցեր իրականացնողները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, մայիսի 4-ին Կիրանցից քայլերթով շարժվել էին Երևան՝ «պատասխաններ պահանջելու»։ Բագրատ սրբազանը մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը։
comment.count (0)