Բագրատ Սրբազանը  ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները
21:42 - 21 մայիսի, 2024

Բագրատ Սրբազանը ամփոփեց հերթական օրն ու ներկայացրեց առաջիկա անելիքները

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 21-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հաջորդ օրվա ծրագրերը։

Արքեպիսկոպոսը հայտարարեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այսուհետ կլինի մանուշակագույն՝ և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական իր արտահայտությամբ։ Նա հույս հայտնեց, որ շուտով շարժման ողջ աշխատախումբը կիրականացնի համապատասխան աշխատանք և բոլորը կկրեն մանուշակագույն շապիկներ։ 

Սրբազանը տեղեկացրեց, որ կիրանցիների հետ հանդիպել է գյուղի հերոսներին նվիրված հուշարձանի մոտ։ Նա հավաքվածներին փոխանցեց կիրանցիների ողջույնը՝ հավելելով, որ նրանք աջակցում են երևանցիներին, շարժման բոլոր մասնակիցներին։  

«Այսօր նույնպես հանդիպել ենք բազմաթիվ անձանց, նախևառաջ արցախցիների խմբի հետ՝ քննարկելով այն հարցերն ու խնդիրները, որոնք առնչվում են առաջին հերթին նրանց։ Մեր խնդիրն է արցախցի եղբայրներին ու քույրերին որևէ կերպ աջակցել։ Տարանջատումները պետք է իսպառ վերացվեն մեր կյանքից։ Եթե խոսում ենք հաշտության օրակարգի մասին, պետք է հաշվի առնենք նաև այս հանգամանքը։ Մեր սխալը եղել է այն, որ Արցախի հարցն ամբողջ հայկական հարցի փաթեթից դիտարկվել է առանձին, մինչդեռ պիտի լիներ անբեկանելի մասը»,- ասաց շարժման առաջնորդը։  

Նա տեղեկացրեց նաև, որ հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքագետների, սոցիոլոգների, հանրային գործիչների, փորձագետների ու վերլուծաբանների հետ։ Արքեպիսկոպոսին զարմացրել է հանրային կյանքում այդքան շատ մարդկանց ներգրավվածությունը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել