ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր
12:56 - 22 մայիսի, 2024

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով  անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:

«Օրերս ՊԵԿ ՄԴՊ վարչության Օպերատիվ Հետախուզության  բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ Գ. Կ.-ն, հանդիսանալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան  գնացքներից մեկի  պետ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից  Երևան ուղևորվող գնացքի երթուղով, պարբերաբար, ՀՀ է տեղափոխում մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք։

Օպերատիվ տվյալներն իրացնելիս՝  ՊԵԿ աշխատակիցները Երևանի Սասունցի Դավիթ կայարանի մուտքի մոտ` ավտոկայանատեղիում, մոտեցել են քաղաքացի Գ. Կ.-ին, ով այդ պահին փորձել է իր մեքենայի բեռնախցիկում տեղավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը պատկանող գնացքով, իր իսկ կողմից ներմուծած՝ շուրջ 25 կգ քաշով, երկու մեծ սև պոլիէթիլենային տոպրակ: Գ. Կ-ն հրավիրվել է ՊԵԿ ՄԴՊ վարչություն, որտեղ ներկայացրել է իր ձեռքի պոլիէթիլենային տոպրակներում առկա ապրանքները: Ուսումնասիրությունից  հետո  պարզվել է, որ ամբողջը դեղորայք է եղել։

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՊԵԿ իրավաբանական վարչություն։

Մեկ այլ դեպքով, ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ քաղաքացի Դ. Ս.-ն, իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային հսկողությունից թաքցնելով, Վրաստանից Հայաստան է տեղափոխում դեղորայք:

Հիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՄԴՊ վարչության աշխատակիցները Դ. Ս.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը, Վրաստանից ժամանելուց հետո ուղեկցել են «Ուրբան լոջիստիք սերվիսիս» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտի: Մաքսային զննման արդյունքում տվյալ  տրանսպորտային միջոցի դռների և բեռնախցիկում առկա գազաբալոնային համակարգի միջից հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 24 կգ քաշով, տարբեր տեսակի դեղամիջոց:

Կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որը տրամադրվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել