Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|
22:51 - 22 մայիսի, 2024

Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն, եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն․ Ավինյան |tert.am|

tert.am: Քանի դեռ այստեղ զրուցում ենք, երևանցիները կանգառներում սպասում են։ Յուրաքանչյուր տեսակի հարց ու խնդիր, բարձրաձայնելու ճիշտ ձևն ու մեթոդն ունի։

Այս մասին վարորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կանգառներում երևանցիների սպասելը ավելի կարևոր է այստեղ յուրաքանչյուրիցս։ Ամեն մեկիս գործը ծառայությունն է այս քաղաքին։ Երբ մեզանից մեկը սկսում է սխալ աշխատել, համակարգը քանդվում է։ Առաջնայինն մարդկանց տեղափոխումն է»,– հայտարարեց նա։

Ավինյանը հայտարարել է, որ վաղը առանձին կհանդիպի Անդրանիկ Մանուկյանի հետ։

«Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են»,– հայտարարեց նա։

Ավինյանը հավելել է, որ մարտին հավաքագրումը միջինում օրական կազմել է 20,5 մլն դրամ, ապրիլին՝ 24,5 մլն։ Այս թվերի մակարդակում ակնհայտորեն խնդիր կա։

«Ամեն ինչ կպարզվի, մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն։ Եթե պարզվի, որ թեմայի հետ կապ չունեցող մարդիկ ազատվել են աշխատանքից, կվերականգնվեն»,– հայտարարեց նա։

Վերջում Ավինյանն ավելացրեց որ ոչ պարոն Նազարյաննա շարունակելու մարդ հանել, ոչ էլ հին հանածներն են վերականգնվելու։

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:

Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել