18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին
 |news.am|
11:55 - 27 մայիսի, 2024

18 մետրանոցները նույնպես Երևանի բյուջեով պետք է գնենք. Ավինյանը՝ 250 ավտոբուսների մասին |news.am|

news.am: Երևանը նոր տրոյելբուսներ կունենա: 15 տրոլեյբուսի համար ֆինանսական միջոցները հատկացվել են, համաձայնագրերը վավերացվել են: Հատկացվել են նաև 171 ավտոբուսի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, դրանք ևս նախատեսված ժամկետում կլինեն Երևանում։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ մայիսի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև 18 մետրանոց ավտոբուսների գնման գործընթացին. «Երևանն իր ֆինանսական միջոցների հաշվին շարունակում է արդիականացնել ավտոբուսային և տրոլեյբուսային պարկը։ Որքան էլ ցավով պետք է նշեմ, այնուամենայնիվ, ես չեմ պատկերացնում միջազգային մեր գործընկերների կամ Կառավարության հետ 18 մետրանոց ավտոբուսների գնումները կազմակերպել սեղմ ժամկետներում: Հետևաբար ես առաջարկում եմ թեկուզ փուլային, բայց Երևանի բյուջեով նախատեսել՝ հաջորդ տարվանից սկսած, 18 մետրանոց ավտոբուսների գնումը»:

Քաղաքապետը հանձնարարեց նաև սկսել տեխնիկական նկարագրի պատրաստությունը. «Ոնց հասկանում եմ, ավտոբուսների մասով առաջ չենք շարժվում, և 18 մետրանոցները նույնպես Երևան քաղաքի բյուջով պետք է գնենք»։

Հասարակական տրանսպորտի բարեփոխումները, ըստ Ավինյանի, պետք է ավարտին հասցնել, ինչի համար պետք է ևս 18 մետրանոց 250 ավտոբուս:

«Մենք այս ուղուց որևէ կերպ չենք շեղվելու: Հետևապես ինչպես ուզում է լինի, մենք պետք է կազմակերպենք այս աշխատանքները թեկուզ փուլային, թեկուզ՝ մի քիչ դժվարություններով, բայց պետք է իրականացնենք»,- ասաց նա։

Այս շաբաթ լավ շաբաթ է ճանապարհային աշխատանքները կազմակերպելու համար, քանի որ տեղումներ չեն սպասվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել