Բագրատ Սրբազանն աջակիցների հետ հասել է ՆԳՆ-ի դիմաց։ Շարժման մասնակիցները պահանջում են հանդիպում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հետ։ Քիչ առաջ Բագրատ Սրբազանին մոտեցավ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը և փոխանցեց, որ Վահե Ղազարյանն այժմ հանդիպումների մեջ է և չի կարող իրենց ընդունել։
«Մեր թիրախը ներքին գործերի նախարարը չէ, մեր երկրում կա մեկը, որը խանգարում է մեր կյանքի ներդաշնակությանը, ֆիզիկական իմաստով գողանում է մեր հայրենիքը»,- ՆԳՆ դիմաց ասաց Բագրատ Սրբազանը։
Քաղաքացիները Բագրատ Սրբազանի հետ ցանկանում են հանդիպել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ ստանալու իրենց հարցերի պատասխանը: Սրբազանը հույս հայտնեց, որ «Ղազարյանը տղամարդու պես կպահի իրեն և չի խուսափի զրույցից»:
«Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր արածների համար»,- ասաց Բագրատ Սրբազանը։
ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ավելի ուշ Բագրատ Սրբազանին հայտնեց, որ ՆԳ նախարարը պատրաստ է ընդունել Սրբազանին և առանձնազրույց ունենալ նրա հետ։ Վերջինս մերժեց այդ տարբերակը՝ ասելով, որ կսպասեն, մինչ Ղազարյանն ավարտի հանդիպումները և դուրս գա։
Այնուհետև քաղաքացիները ժամանակ առ ժամանակ փակում էին ՆԳՆ շենքին հարակից Հերացի-Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկը, ապա բացում ոստիկանների հորդորներով։
Ավելի ուշ Բագրատ Սրբազանի կոչով նրանք սկսեցին պտտվել շենքի շուրջ, քանի որ Վահե Ղազարյանը կարող էր այլ մուտքով հեռանալ շենքից։
Այս պահին Սրբազանը և շարժման աջակիցները այս պահին նստել են ՆԳՆ շենքի մուտքի մոտ, որտեղից ելումուտ են անում պաշտոնյաների ավտոմեքենաները։
Հիշեցնենք, որ նախորդ գիշեր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացրել են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։
Այնուհետեւ նրանք Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ավտոշարասյունով եկել են Երեւան, եւ հանրապետության հրապրակում Սրբազանը հայտարարել է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի եւ կհայտարարվի անելիքների մասին:
comment.count (0)