ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության մամուլի հաղորդագրությունից, որում նշված է․
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի նախաձեռնությամբ այսօր անցկացվել է «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրով ուսուցչական համաժողովի հանրապետական փուլը, որին ՀՀ 46 մենթոր դպրոցներից ավելի քան 600 ուսուցիչներ են մասնակցել:
Ուսուցիչներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ առաջին անգամ անցկացվող համաժողովը կրելու է պարբերական բնույթ՝ անցկացվելով տարին երկու անգամ: Ըստ Ժաննա Անդրեասյանի` բոլորովին պատահական չէ, որ ուսուցչական համաժողովի անցկացումը համընկել է հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա հետ: Նրա դիտարկմամբ՝ կրթական համակարգը կարող է պաշտպանել երեխաներին. «Երեխայի պաշտպանության լավագույն ձևը նրա զարգացմանը նպաստելն է: Անհրաժեշտ է, որ երեխան ունենա արժեքային դիրքորոշումներ, որոնք նրան թույլ կտան իրավիճակներին համարժեք և ճիշտ արձագանքել, լինել իրավատեր քաղաքացի, լավ մարդ: Սա այն խնդիրն է, որ ամեն օր դուք փորձում եք լուծել՝ մուտք գործելով դասարան:
Կարիք ունենք գտնելու երեխաներին պաշտպանելու լավագույն ձևերը: Իրականում, գերպաշտպանությունը նրանց անպաշտպան է դարձնում: Կարիք ունենք մեր երեխաներին, առաջին հերթին, դարձնելու ինքնուրույն, տալու այն միջավայրն ու հնարավորությունները, որոնք երեխաներին կօգնեն ինքնուրույն մտածել, վերլուծել, սխալվել և այդ սխալներից սովորել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Անդրադառնալով համաժողովի՝ «Կրթությունը՝ պետության հենասյուն» խորագրին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ կրթական համակարգը պետության զարգացման անկյունաքարերից է, բայց անհրաժեշտ է լիարժեք հասկանալ ու պատկերացնել, թե ինչպես պետք է դպրոցը նպաստի պետության զարգացմանը: Հենց այս գաղափարախոսության համատեքստում ուսուցչական համաժողովի հանրապետական փուլն անցկացվում է Հանրապետության օրվա շրջանակում» :
comment.count (0)