armenpress.am: Եվրոպական Միության որոշ երկրներից ազդակներ կան Հայաստանում ներդրումները ավելացնելու վերաբերյալ։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:
«Օրինակ՝ ֆրանսիական ընկերություններն արդեն Հայաստանում են և փնտրում են ներդրումներ անելու հնարավոր ոլորտներ, ընդ որում ոլորտները տարբեր են՝ հագուստի համաշխարհային բրենդներից մինչև ենթակառուցվածքների մեջ ներգրավված ընկերություններ։ Սա քաղաքական ազդակի արդյունք է»,- ընդգծեց Պապոյանը։
Նախարարը նշեց, որ վերջերս նա հանդիպել է ֆրանսիացի գործարարների խմբի՝ ելնելով երկրների ղեկավարների քաղաքական հայտարարություններից։
«Կազմակերպվել են B2B հանդիպումներ, մեծ միջոցառում տեղի ունեցավ»,- նշեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ կան նաև խնդիրներ, որոնք կապված են ոչ թե ԵՄ-Հայաստան օրակարգի, այլ՝ ԵՄ-ԵԱՏՄ օրակարգի հետ։
«Ակնհայտորեն, սանկցիոն գործողություններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել մեր տնտեսության վրա, և մենք դա տեսնում ենք»,-եզրափակեց Պապոյանը։
comment.count (0)