Artur brothers կամ «շատ հետաքրքիր հայորդիներ»․ եղբայրների պատմությունը Քենիայից մինչև Հայաստան
 |civilnet.am|
15:03 - 05 հունիսի, 2024

Artur brothers կամ «շատ հետաքրքիր հայորդիներ»․ եղբայրների պատմությունը Քենիայից մինչև Հայաստան |civilnet.am|

civilnet.am: Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։

«Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշեց սրբազանը։ Գալստանյանը շատ չխոսեց եղբայրների մասին։ CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչով են հայտնի այս «հետաքրքիր հայորդիները»։

Եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Հունիսի 3-ին բեմ էին բարձրացել նրանցից Արթուր ու Արտակ Սարգսյանները։ «Արթուր եղբայրները», սակայն, վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։

Քենիայից՝ Մալդիվներ ու Երևան․ եղբայրների ստվերային պատմությունը

2005-ի դեկտեմբերին հայկական արմատներով երկու եղբայրներ՝ Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանը, ժամանել են Քենիա՝ առաջին հայացքից անհասկանալի ծրագրով։ Նրանք ներկայանում էին որպես հեռանկարային ներդրողներ, ունեին կապեր Քենիայի կառավարության հետ, մասնավորապես, ոստիկանության։ Այդ ժամանակ երկիրը ղեկավարում էր Մվայի Քիբաքին: Քենիայում ԱՄՆ ներկայացուցիչների զեկույցներից մեկում, որը հրապարակվել է Վիկիլիկսում, նշվում էր. «Ըստ տարածված կարծիքի՝ նրանց երկիր է բերել նախագահի երկրորդ կինը՝ Մարի Վամբուին»։

Մուտք գործելով երկիր՝ նրանք միանգամից ստացել են որոշ արտոնություններ։ Մասնավորապես, նրանց տրամադրվել է աշխատանքի թույլտվություն, ինչպես նաև՝ ոստիկանության պետի օգնականների պաշտոններ, ինչը թույլ է տվել օգտվել պետական մեքեաններից ու այլ արտոնություններից։ Եղբայրները Քենիայում վարում էին ակտիվ կյանք, մշտապես հայտնվում էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, կազմակերպում խնջույքներ ու թանկարժեք երեկույթներ։

Բացի այդ, երկրում գրանցվել են նրանց երկու ընկերությունները՝ Kensington Holdings.Ltd-ն և Brother Link International-ը՝ հնարավորություն ստանալով ներկրել տարբեր ապրանքներ առանց հարկեր վճարելու։ Այս մասին արձանագրում կա 2007-ին Քենիայի խորհրդարանի՝ «Արթուր եղբայրների» մասին զեկույցում ու խորհրդարանական քննարկումներում։

Արթուր Մարգարյանը 2006-ի մարտին հարցազրույցներից մեկում ասել էր, թե իրենք Քենիայում զբաղվում են Դուբայից մեքենաների ներմուծմամբ, ինչպես նաև հետաքրքրված են անշարժ գույքի շուկայով և պողպատի գործարանի կառուցմամբ։ Նա նաև պատմել էր, թե իրենք վեց եղբայրներ են և յուրաքանչյուրը կոնկրետ դեր ունի «աշխարհով մեկ տարածված իրենց բիզնեսում»։ Ինչ վերաբերում է կառավարության հետ կապերին, Արթուր Մարգարյանը հերքել է այդ պնդումները։

Նրանք նաև մեղադրվում էին թմրանյութերի ներկրման մեջ, անգամ հիշատակում կա, որ այն օրը, երբ եղբայրները օդանավով մուտք են գործել երկիր, միաժամանակ թմրանյութի մեծ քանակություն է ներկրվել Քենիա։

Հարձակում Standard Media Group-ի վրա

2006-ի մարտի 2-ին քենիացիներն արթնացան շոկայի լուրերով՝ ոստիկանությունը հարձակվել էր հայտնի պարբերականներից մեկի՝ Standard Media Group-ի շենքի վրա, անջատվել էր Քենիայի հանրապետական հեռուստատեսային ցանցի (KTN) հեռարձակումը, իսկ ընկերության տպարանը շարքից հանվել էր, թերթերը՝ այրվել։

Standard Media Group-ը երկրի անկախ լրատվամիջոցների ցանց էր։ Հարձակման պատճառներից մեկն էլ, ըստ քենիական մամուլի, կապված էր նախագայի անօրինական ամուսնության հետ։ Ըստ հրապարակման՝ առաջին տիկինն իմացել է այդ հրապարակման մասին ու հրահանգել է կանխել այն: The Economist-ն էլ «Ցուցամոլ տղաներն արտերկրից» հոդվածում (Bling-bling boys from abroad) շեշտել էր, որ հարձակումը կազմակերպվել էր Արթուր եղբայրների կողմից։ Այն նպատակ ուներ լռեցնել անկախ լրատվամիջոցին, որը խոսում էր կառավարության կոռուպցիոն գործարքների մասին։

Այս հարձակումից հետո ընդդիմությունը մեղադրել էր եղբայրներին հարձակումը կազմակերպելու մեջ։ Եղբայրները ասուլիս էին տվել՝ հայտնելով, թե իրենք վարձկաններ չեն․ «Մենք վարձկաններ չենք, բայց եթե նույնիսկ լինեինք, ձեր կառավարությունը բավարար փող չէր ունենա մեզ վարձելու համար»։ Ընդ որում, այդ ասուլիսը տեղի էր ունենում Նայրոբիի օդանավակայանում՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում։

Նրանք նաև պնդել էին, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Ըստ որոշ տեղեկությունների՝ եղբայրներից մեկը սիրային կապի մեջ է եղել նախագահ Մվայի Քիբաքիի դստեր հետ, ինչն էլ զայրացրել է նախագահին և նա աքսորել է եղբայրներին։

2006-ի հունիսին եղբայրները լքեցին Քենիան, այդ ժամանակ նշվում էր, թե նրանց «սխալմամբ» են վերադարձի տոմսեր տվել, ավելին՝ Արթուր Մարգարյանին, ըստ հրապարակումների, թույլատրվել է թռչել այլ անձի անձնագրով, իսկ մյուս եղբորը՝ Սարգսյանին, որը անձնագիր չուներ, տրամադրվել են շտապ ճանապարհորդական փաստաթղթեր։

Նրանց փախուստից հետո ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել եղբայրների տանը և այլ շինություններում՝ հայտնաբերելով կառավարական պետհամարանիշով «Մերսեդես», AK-47 ինքնաձիգեր, քենիական կեղծ անձնագրեր, եղբայրներից մեկին Քենիայի ոստիկանության հետախույզ նշանակելու մասին փաստաթուղթ, ինչպես նաև հրատարակչությունում իրականացրած հարձակման ժամանակ օգտագործված դիմակներ և հագուստ։

2007-ին հայտնի դարձավ, որ շուրջ մեկ տարի տևած հետաքննությունից հետո Քենիայի իշխանությունները որոշել են դատարան փոխանցել Արթուր Մարգարյանի և Արթուր Սարգսյանի գործը: Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի հրահանգով ստեղծված հատուկ հետաքննող խումբը բացահայտել է Ա.Սարգսյանի ու Ա.Մարգարյանի հանցավոր կապերը Քենիայի մաքսային ու միգրացիոն ծառայությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ: Նրանք նաև մեղադրվում էին փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի տեղափոխման և փողերի լվացման մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել