Սահմանադրական փոփոխություններով կիսանախագահական համակարգին անդրադարձ չկա. Ռուստամ Բադասյան |lragir.am|

10:23 - 21 հունվարի, 2020

lragir.am: Կառավարությունը մտադիր է սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստել և հանրաքվեի դնել այս տարեվերջին։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Կառավարությունը կարծում է, որ այնպիսի փոփոխություններ են նախաձեռնվել, որոնք անպայման ենթադրում են հանրաքվեի անցկացում։ Փոփոխությունների շրջանակներում նաև Սահմանադրական դատարանին ու ընդհանուր դատական համակարգին է անդրադարձ կատարվելու։ Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել ՍԴ ճգնաժամը, նախարարը պատասխանեց, որ հարցին անդրադառնալու են ընդհանուր դատական համակարգի ենթատեքստում։

«Թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ գտնում ասել, դեռ հանձնաժողովը չձևավորված իմ տեսլականը կիսել»,- ասաց նա։ Նա նշեց, որ ընդհանրապես դատական համակարգի նկատմամբ պետք է վստահությունը բարձրանա՝ սահմանելով մոդել, թե ինչ մոդելի Սահմանադրական ու Վճռաբեկ դատարան ենք պատկերացնում, և ինչպես պետք է բարեփոխումը լինի հիմնովին։ Անդրադառնալով հարցին, թե սուպերվարչապետական համակարգից ձերբազատվելու խնդիր դրվելո՞ւ է, նա պատասխանեց․ «Կնայենք, թե ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ։ Տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարիքներ են արտահայտել։ Հանձնաժողովի մասնագիտական կարծիքը մենք կլսենք և կկիսվենք այդ կարծիքով»,- ասաց նա։

Բադասյանը նաև նշեց, որ փոփոխություններով կիսանախագահական համակարգին անդրադարձ չկա։ «Ես չեմ կարող ընդհանրապես բացառել, բայց մենք դատաիրավական ռազմավարությամբ նաև ականջալուր լինելով հասարակությանը, մենք ընտրել ենք այն հարցերը, որոնց կանդրադառնանք։ Հիմա եթե արտախորհրդարանական ընդդիմության կողմից կլինի առաջարկ, մենք պատրաստ ենք քննարկել։ Բայց ես փորձում եմ հիմա իմ կարծիքով կամ ընդհանուր կառավարության մոտեցումներով առաջնորդվել։ Իսկ մոտեցումները ամրագրված են դատաիրավական ռազմավարության մեջ։ Հենց հանձնաժողովով կորոշենք քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների արդյունքում նման քննարկում ունենալ, անպայման հասարակությանը տեղյակ կպահենք»,- ասաց նա։ Մանրամասները՝ տեսանյութում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել