Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ միայն իրավաբանական անձինք կարող են օգտագործել գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչներ։ Սրանք այն սարքերն են, որոնք հնարավորություն են տալիս գազի հավառման ժամանակ հաշվի առնել նաև օդի ջերմաստիճանը և մթնոլորտային ճնշումը։
Զրուցել ենք «Քաղաքացու որոշում» ՍԴԿ անդամ Հրանտ Ղարաբեկյանի հետ՝ Հայաստանում գազի սակագնի հաշվառման սարքերի և սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի առնվող և չառնվող գործոնների վերաբերյալ։ Հրանտ Ղարաբեկյանը ուսումնասիրություն է իրականացրել և փորձել է պարզել, թե ո՞րն է ֆիզիկական անձանց դեպքում գազի հաշվառման էլեկտրոնային ճշտիչների տեղադրման արգելքի պատճառը։
- Ե՞րբ սկսեցիք հետաքրքրվել գազի հաշվառման սարքերով, և ի՞նչը մտահոգության առիթ տվեց ձեզ:
- Ես այս հարցով սկսեցի հետաքրքրվել 2019 թվականի սկզբներին, կարծում եմ՝ փետրվարին։ Հետաքրքություն առաջացավ լրիվ հանկարծակի, երբ իմ ծանոթներից մեկը, ով այդ բնագավառում է աշխատում, ասաց, որ գազի հաշվառումը կոմերցիոն ընկերությունների և բնակչության համար տարբեր ձևով է կատարվում, և այդտեղից սկսեցի հետաքրքրվել՝ ի՞նչն է խնդիրը:
2005 թվականից առևտրային կազմակերպությունների համար հաշվարկը կատարվում է, այսպես կոչված, էլեկտրոնային ճշտիչով գազային հաշվիչների օգնությամբ: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում․ գազը,կախված ճնշումից և ջերմաստիճանից, ունի տարբեր ծավալ։ Երբ մենք գնում ենք գազը «Գազպրոմ Արմենիա»-ից և, երբ ասում են, որ այդ գազը մեկ խորանարդ է, ի նկատի ունեն ծովի մակարդակի բարձրության վրա, 0 կամ 20 աստիճան՝ կախված ստանդարտներից։ Երկու ստանդարտ կա այդ միջավայրում։ Իհարկե, Հայաստանը բարձրադիր գոտի է, և ճնշումն ավելի ցածր է։ Չնայած դրան` բնակչության համար տեղադրվող հաշվառման սարքերը, այսպես ասած, հարմարեցված են ծովի մակարդակի վրա հաշվառում կատարելու համար:
Ինչ է տեղի ունենում, որ գազի ծավալը բարձրադիր գոտիներում ավելի ընդարձակ է, և այդ հաշվիչը ավելի շատ է պտտվում և ավելի շատ է ցույց տալիս: Այդտեղից սկսեցի ավելի մանրամասն ուսումնասիրել և պարզվեց, որ կոմերցիոն ընկերությունների մոտ տեղադրված են հաշվիչներ, որոնք էլեկտրոնային եղանակով այդ պահին ծախսվող գազի համար հաշվի են առնում ինչպես արտաքին ճնշումը, այնպես էլ գազի ջերմաստիճանը, որը կարող է զգալի տատանումներ տալ ամսվա վերջի հաշվարկում: Սակայն մեր բնակչության համար այդ գործոնը հաշվի չի առնվում։
Սկսեցի գրագրությունը Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի հետ։ Նպատակս այն էր, որ ստանամ հաշվարկները, թե ինչի հիման վրա են որոշել, որ կոմերցիոն ընկերություններում մի ձևով պետք է հաշվարկվի, իսկ բնակչության համար մեկ այլ ձևով: Գրագրությունը բավականին երկար տևեց՝ ամիսներ։ Սակայն, ցավոք սրտի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչները չեն ուզում ներկայացնել հաշվարկները՝ հղվելով այն փաստի վրա, որ օրենքով սահմանված չէ, որ այդ հաշվարկները իրենք պետք է անեն:
- Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը Ձեզ պատասխանել է, որ մենք ունենք բնական գազից օգտվող 700 470 ֆիզիկական անձ, իսկ իրավաբանական անձանց թիվը 16 087 է: Քանակը հիմք ընդունելով՝ պատասխանել են, որ բավականին մեծ ներդրումներ են պահանջվում, որպեսզի էլեկտրոնային ճշտիչներ տեղադրվեն։ Բայց դուք նաև նշում եք, որ հաշվարկներ չունեն իրենք։ Դուք ունե՞ք մոտավոր հաշվարկներ, մոտավոր ներդրումների ծավալներ․ մեկ բնակչի ծախսը այդ դեպքում որքա՞ն կլինի և ընդհանրապես Ձեր կարծիքով ո՞վ պետք է կառավարի ոլորտը, եթե ոչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
- Հարցը մի քանի բաղադրիչ ուներ։ Երևի վերջին բաղադրիչը ճիշտ կլինի ուղղել Հանրային ծառայությունների հանձնաժողովին։ Երևի պարզ է, որ իրենք պետք է ունենան։ Անպայման չի հաշվարկը իրենք անեն, այն կարող է մեկ այլ լիազոր մարմին կատարել, օրինակ, Չափագիտության ինստիտուտ ունենք, որը երևի ավելի լիազոր է, բայց հիմքում պետք է լինեն հաշվարկներ։ Կարող եմ ես պնդել, որ չկան։ Այսինքն, ինձ ներկայացրել են գրավոր տեսքով, որ այդ հաշվարկները աշխատանքային կարգով են արվել։ Որպեսզի փորձեմ պարզել, թե ինչ տարբերություն է տալիս, պետք է կատարեմ հանրային ծառայությունների հանձնաժողովի գործառույթները:
Փորձեցի ուսումնասիրություն կատարել և հասկանալ՝ ինչ տարբերություն է տալիս։ Խնդրեցի իրենց, որ քանի որ 14 տարի առաջ է ընդունվել, տրամադրել տեղեկատվություն կամ տրամադրել իրենց վերլուծության արդյունքները, թե այն կոմերցիոն ընկերությունների մոտ, որտեղ տեղադրված են այդ ճշտիչով հաշվառման սարքերը, ի՞նչ տարբերություն է տվել։ Այսինքն, արդյո՞ք դրանք տեղադրվել են հին հաշվիչներին հաջորդաբար, տեսե՞լ են տարբերությունը որքան է, քանի՞ հոգի ունի և այլն։
Բոլոր հարցերին ինձ մոտավորապես այնպիսի պատասխան է գալիս, որ օրենքով այն իրենց գործառույթների մեջ չի մտնում: Այնպես չի, որ միայն մեր մոտ՝ Հայաստանում այդ հարցը կարող է բարձրանալ։ Անգամ Ռուսաստանում, որտեղ գազը շատ-շատ ավելի հասանելի և էժան է, կա օրենք, ըստ որի՝ ամեն բարձրադիր գոտու համար, ամեն բնակավայրի համար, եթե այն շատ մեծ չի, իսկ մեծ բնակավայրերի պարագայում նաև՝ ըստ բարձրության, կիրառվում են գործակիցներ, որոնք այս կամ այն կողմ են փոխում հաշվեկշիռը։ Օրինակ՝ ՀԾԿՀ-ն ներկայացրել է, որ ձմռան ամիսներին շատ ծախսող մարդիկ բացասական բալանս կունենան, այսինքն՝ կվճարեն ավելի շատ, քան քիչ ծախսողները։
Այստեղ մոտեցման խնդիր կա։ Ի՞նչ է նշանակաում ավել կվճարեն կամ պակաս։ Ես համարում եմ, որ միակ ճիշտ տարբերակն այն է, որ ամեն մեկը վճարի այնքան, որքան սպառել է: Եթե ինչ-որ մեկը վճարում է ավել, ինչ-որ մեկը այս պահին վճարում է պակաս, ապա «Գազպրոմ Արմենիան» կոմերցիոն ընկերություն է, այսինքն շահույթ հետապնդող և նա բարեգործությամբ չի զբաղվում։ Եթե ինչ-որ մեկը պակաս է վճարում, նշանակում է՝ մեկ այլ բաժանորդ վճարում է ավել: Եվ այս բալանսը ընդհանրապես չի երևում՝ ով ինչքան է վճարում, այսինքն միանշանակ է, որ մարդիկ պետք է վճարեն այնքան, որքան սպառել են:
Ես պատրաստակամություն եմ հայտնել իմ ֆինանսական միջոցներով գնել էլեկտրոնային ճշտիչով գազային հաշվիչ։ Առաջարկել եմ տեղադրել իմ բնակարանի մուտքի մոտ գտնվող հաշվիչին հաջորդաբար, կազմել հանձնաժողով, որը պարբերական հիմքերով կարձանագրի գազի ծախսի տարբերությունը։ Սրա համար ևս ստացա մերժում՝ պատճառաբանությամբ, որ հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում։
Ոչ ոք չի պարտադրում, որ բոլորի հաշվիչները հենց այս պահին փոխեն, բայց առնվազն կարելի է այն բնակիչներին, ովքեր ուզում են տեղադրել այդ հաշվիչը՝ իրենք իրենց հաշվին, թույլ տալ տեղադրել։ Հաշվիչի գինը մոտավորապես 60 հազար ՀՀ դրամ է՝ սովորական բնակիչների պարագայում։
- Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Ձեզ տրված պատասխաններում նշել էր նաև, որ դժվար է բնակիչներին հաշվիչները փոխելու այդպիսի «քաշքշուքի» մեջ դնել։ Բայց Դուք նշեցիք, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են։ Այս դեպքում, ի՞նչ եք կարծում, ՀԾԿՀ-ն չի՞ գնահատել պահանջարկը։
- Իրենց պատասխաններում նշում են, որ նման հաշվիչների տեղադրումը կբերի շատ մեծ ծախսերի, քանի որ նոր ներդրումներ կպահանջի։ Իմ մոտեցմամբ՝ այսօր տեղադրված հաշվիչների արժեքը ներառվել է սակագնի մեջ, այսինքն՝ սակագինը ներառում է նաև հաշվիչի գումարի վերադարձը։ Հաշվի առնելով այն, որ հաշվիչների մեծ մասը երկար ժամանակ է տեղադրված է, ես կարող եմ ենթադրել, որ գումարի վերադարձի ժամանակաշրջանն արդեն ավարտվել է։ Կամ գազի գինը պետք է այդքանով նվազի, քանի որ հաշվիչների ինքնարժեքն արդեն դուրս է եկել, կամ էլ թող բարի լինեն էլեկտրոնային հաշվիչները տեղադրել այն տարբերության հաշվին, որն արդեն ներառված է գնի մեջ։ Այսինքն, այդ կետն էլ ոչ մի կերպ չի հիմնավորում այն փաստը, որ մարդկանց արգելում են տեղադրել էլեկտրոնային ճշտիչով հաշվիչներ։
- Եթե ամփոփենք, որո՞նք կլինեն էլեկտրոնային ճշտիչով հաշվիչների դրական և բացասական կողմերը։ Ինչպե՞ս պետք է լինի անցումը։
- Այս պահին ես չեմ կարող պնդել, որ բոլորի մոտ պետք է ճշտիչներով հաշվիչներ տեղադրել։ Բայց ես կարող եմ պնդել, որ այն մարդիկ, ովքեր ուզում են ճշտիչներով հաշվիչներ տեղադրել՝ իրենք իրենց հաշվին, սա պետք է թույլատրվի։
Ճիշտ կլինի, որ հանձնաժողովը սթափվի և կատարի իր գործառույթները։ Սա այնքան պարզ հարց է, որ քաղաքականության հետ կապ չունի։ Կարող է վարվել տարբեր քաղաքականություններ, օրինակ՝ էներգետիկ շուկայի ազատականացում։ Այս դեպքում կլինեն դրական ու բացասական կողմեր, կողմ և դեմ տարբեր հիմնավորումներ, որոնք կարող են ներկա կառավարող ուժի կողմից ընդունվել կամ չընդունվել, բայց ինչ վերաբերում է չափագիտական ոլորտին, որտեղ ամեն ինչ միանշանակ է, այդտեղ իրենք իրենց գործառույթները չեն կատարում։
Ընդ որում՝ «Գազպրոմ Արմենիա»-ին ևս դիմել եմ ճշտիչներով հաշվիչների հարցով։ Իրենք գրել են, որ եթե ՀԾԿՀ-ն հաստատի, իրենք կկատարեն։
Ի հավելումն նշենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին դիմել էինք Գազպրոմ Արմենիա, որպեսզի ստանանք տեղեկատվություն, թե քանի առևտրային գազահաշվիչներ են տեղադրվել և դրանցից քանիսն են ՊՈԱԿ-ներ։
Ըստ մեզ տրամադրված պատասխանի՝ 01.10.2019թ. դրությամբ շահագործվում են թվով 5268 հատ էլեկտրոնային ճշտիչով համալրված առևտրային գազահաշվիչներ: Թե սրանցից քանիսն են ՊՈԱԿ-ներ, ընկերությունն այդ տեղեկատվությանը չի տնօրինում։
comment.count (0)