«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի երեխաները վերադառնալու են ընտանիքներ |armenpress.am|
16:20 - 10 հունվարի, 2020

«Թռչունյան տուն» խնամքի կենտրոնի երեխաները վերադառնալու են ընտանիքներ |armenpress.am|

armenpress.am: Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի կենտրոնն այլևս ֆինանսավորում չի ստանա: Պատասխանատուներն առաջարկում են խնդրի լուծման տարբերակներ՝ այն երեխաները, որոնք կենտրոնում են հայտնվել սոցիալական պատճառներով, պետական աջակցություն կստանան, իսկ նրանք, որոնք գնալու տեղ չունեն կամ ընտանիքներում ապրելը երեխայի համար վտանգավոր է, կտեղափոխվեն Գյումրիի թիվ 2 խնամքի կենտրոն, որը գործելու է մինչեւ հուլիս ամիսը։ Այս մասին հունվարի 10-ին հաստատությունում հրավիրված հանդիպմանը նշեցին Մայր Աթոռի և ՀՀ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:


«Թռչունյան տուն» գիշերօթիկ հաստատության ֆինանսավորումն ավելի քան 6 ամիս դադարեցված է: Սփյուռքահայ բարերարները՝ Հերման Հինթիրյանի գլխավորությամբ, որոնք 16 տարի շարունակ ֆինանսավորել են կառույցը, հունիսից դադարեցրել են գումար տրամադրել: Մինչ երեխաներ կվերադառնան իրենց կենսաբանական ընտանիքներ կամ կտեղափոխվեն աջակցման կենտրոններ, աշխատակիցներն արդեն 6 ամիս է` գումար չեն ստանում: Հաստատությունն այս պահին ունի 81 երեխա, մոտ 49 աշխատող: 2017 թվականից «Թռչունյան տունը» գործում է որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույց:

«Շատ մտահոգում է երեխաների և նրանց հետագա տեղավորման հարցը: Ունենք մի իրավիճակ, որ պետք է շտապ լուծում տանք՝ երեխաներին ընտանիք վերադարձնելով և այդ ընտանիքներին աջակցելով»,-նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը՝ խոստանալով ուսումնասիրել և աջակցել երեխաներին վերադարձնող ընտանիքներին:

Մայր Աթոռի Սոցիալական գրասենյակի տնօրեն տեր Մարկոս քահանա Մանգասարյանը տեղեկացրեց լրագրողներին, որ անցած 6 ամիսների ընթացքում Մայր Աթոռը ուղիներ ու դոնորներ է փնտրել, բայց ապարդյուն: «Անշուշտ, այստեղ լավ աշխատանք արվել է, ոչ ոք դա չի բացառում, բայց մեր նպատակն այն է, որ ընտանիքից դուրս մնացած երեխա չլինի: Դժվար է լինելու, բայց պետք է ընտանիքներին օգնելով երեխաներին ընտանիք վերադարձնենք»,-հավելեց տեր Մարկոս քահանա Մանգասարյանը :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել