ԿԳՄՍ նախարարությունը իր վշտակցությունն է հայտնել Լալա Մնացականյանի ընտանիքին։
15:36 - 22 հունիսի, 2024

ԿԳՄՍ նախարարությունը իր վշտակցությունն է հայտնել Լալա Մնացականյանի ընտանիքին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի պրոֆեսոր Լալա Մնացականյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարությունից.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում վաստակաշատ դերասանուհու ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

ՀՀ վաստակավոր դերասանուհի Լալա Բաբկենի Մնացականյանը ծնվել է 1957 թվականի հոկտեմբերի 8-ին Երևանում՝ դերասանուհու և մաթեմատիկոսի ընտանիքում։ Մայրը՝ Էլիզա Գյուլեսերյանը, եղել է բեմական խոսքի դոցենտ, հայրը՝ Բաբկեն Մնացականյանը, մաթեմատիկոս, մաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Լալա Մնացականյանը սովորել է Երևանի թիվ 78 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասանական բաժինը։ 

Խաղացել է բազմաթիվ դերեր թատրոնում, կինոյում և հեռուստատեսությունում։ Հետաքրքիր դերակատարումներով հանդես է եկել տարբեր թատրոններում՝ Երևանի Երիտասարդական Էքսպերիմենտալ Թատրոն, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, «Մետրո» թատրոն, Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն։

140 մանրապատումների սցենարիստ է և դերակատար։

1991 թվականից բեմական խոսք է դասավանդել Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, բեմական խոսքի պրոֆեսոր է։ Համահեղինակ է «Գեղարվեստական խոսքի մատուցման արվեստը» ուսումնական ձեռնարկի, որն առաջին և առայժմ միակ դասագիրքն է հայերենով։

Բազմաթիվ միջազգային փառատոների մրցանակակիր է։

Կոչումներ և մրցանակներ.

2004 թվականին Լալա Մնացականյանին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

2006 թվականին՝ Լալա Մնացականյանն արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը, իսկ երկու տարի անց՝ 2008 թվականին, նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում թատերական արվեստ, կինոարվեստ մասնագիտությամբ։

Լալա Մնացականյանը գեղանկարիչ, բեմանկարիչ, ՀՀ վաստակավոր նկարիչ Աշոտ Համբարձումյանի կինն է, նշված է հայտարարությունում», - նշված է հայտարարությունում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել