Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել․ շրջանի ղեկավար |azatutyun.am|
09:30 - 24 հունիսի, 2024

Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, եռօրյա սուգ է հայտարարվել․ շրջանի ղեկավար |azatutyun.am|

azatutyun.am: Դաղստանում ահաբեկչության հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել, «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը։

«Զոհվել են նաև մի քանի խաղաղ բնակիչներ։ Հանրապետությունում հունիսի 24-ը, 25-ը և 26-ը սգո օրեր են հայտարարվել», - Տելեգրամում գրել է Մելիքովը։

Երեկ երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդեց, որ ժամը 18-ի սահմաններում անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել են եկեղեցին և սինագոգը, ինչպես նաև կրակել են ոստիկանական ավտոմեքենաների վրա: Առնվազն մեկ ոստիկան է զոհվել: Baza-ն էլ հաղորդեց «սինագոգից քաղաքացիական անձի» սպանվելու մասին:

Դերբենտին զուգահեռ, անհայտ անձինք հարձակում են կատարել նաև մայրաքաղաք Մախաչկալայում: Նրանք գնդակոծել են Ճանապարհային պարեկային ծառայության հենակետը Երմոշկինի փողոցում: Այդ փողոցում գտնվող սինագոգը նույնպես այրվում է: Հաղորդվեց նաև Մախաչկալայի ուղղափառ եկեղեցու պահակի զոհվելու մասին:

Հանրապետությունում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, քաղաքներից ելքն արգելվել է։

«Ազատության» "Настоящее время" ծրագրի փոխանցմամբ, Մախաչկալայում չորս հարձակվողներ սպանվել են, Դերբենտում անվտանգության ուժերը ներխուժել են տուն, որտեղ թաքնվել են ահաբեկիչներ։ Թե ինչ էին ուզում հարձակվողները, հայտնի չէ։

Դերբենտում և Մախաչկալայում հարձակումների փաստերով քրեական գործեր են հարուցվել ահաբեկչության հատկանիշներով, փոխանցել են հանրապետության Քննչական կոմիտեից:

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում է, որ ահաբեկչության գործով ձերբակալվել է Դաղստանի Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը, ըստ աղբյուրի, Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությանը նրա որդիների հավանական առնչության համար։ Օմարովի բնակության վայրում խուզարկություններ են կատարվել, նա հարցաքննվել է։ Ավելի ուշ ՏԱՍՍ-ը հաղորդեց, որ Օմարովը հեռացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից՝ վարկաբեկող գործողությունների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել