ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների և Բաքվի հետ շարունակվող բարձր մակարդակի շփումների մասին |factor.am|
18:06 - 02 հուլիսի, 2024

ԱՄՆ Պետդեպը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների և Բաքվի հետ շարունակվող բարձր մակարդակի շփումների մասին |factor.am|

factor.am: ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջանի հետ բարձր մակարդակով շարունակվող շփումներին՝ երկրում քաղբանտարկյալներին ազատ չարձակելու ֆոնին։

Հարցին, որ Բաքվի հետ բարձր մակարդակի բանակցություններ են եղել, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, անցյալ շաբաթ էլ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում էր, արդյոք՞ մտահոգություն չկա այն առումով, որ նման բարձր մակարդակի ներգրավվածությունը շարունակվում է առանց քաղբանտարկյալների ազատ արձակումն ապահովելու, Պատելը պատասխանել է, որ գործընթացը պահանջում է շարունակական ներգրավվածություն։

«Սա երկար գործընթաց է, և այն պահանջում է շարունակական ներգրավվածություն։ Ակնկալում եմ, որ թե՛ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնական Օ՛Բրայենն ու մյուսները կշարունակեն կենտրոնանալ այդ ուղղությամբ»,- ասել է պաշտոնյան։

Հավելենք, որ «Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը» օրերս հրապարակել էր երկրում քաղբանտարկյալների նոր ցուցակը, որում ներառված է 303 մարդ։ Նախորդ ցուցակի համեմատ՝ քաղբանտարկյալների թիվն ավելացել է 16-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։

Նախորդ տարվա վերջին ամիսներից Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով ձերբակալվել են տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող երկու տասնյակից ավելի  լրագրողներ, ընդդիմադիր գործիչներ ու քաղաքական ակտիվիստներ։

Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԱՄՆ Պետքարտուղարությունը, ԵՄ-ն պարբերաբար կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին վերջ տալ երկրում բռնաճնշումների ալիքին և  ազատ արձակել անարդարացի բանտարկվածներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել