Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան
 |armenpress.am|
14:52 - 03 հուլիսի, 2024

Հայաստանի դիմակայունությունն իր հարևանների դեմ չէ, այն շահեկան է նաև վերջիններիս համար. ԵՄ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի կարծիքով՝ Հայաստանի դիմակայունությունն ուղղված չէ իր հարևանների դեմ, ընդհակառակը՝ այդ դիմակայունությունն ու Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ներդրում է նաև հարևանների համար։

Այս մասին Վասիլիս Մարագոսը հայտարարել է «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկման շրջանակներում։

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև փոխգործակցությանը՝ Մարագոսը նշել է, որ ԵՄ-ն մի շարք ծրագրերի շրջանակներում աջակցել է այդ ոլորտին։

«Այցելել եմ մի քանի գյուղատնտեսական տնտեսություններ, որոնք աշխատում են ԵՄ աջակցությամբ, սակայն համաձայն եմ այն մտքի հետ, որ այդ ուղղությամբ կարելի է ավելի շատ աշխատանք իրականացնել»,- նկատել է նա։

ԵՄ դեսպանը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանից արտահանմանը, աշխատել ստանդարտների ուղղությամբ և պատրաստ է նաև ներկայացնել այս հարցում անդամ երկրների փորձը։

«Միջազգային կարգի, իրավունքահենք հարաբերությունների պայմաններում, որտեղ բոլորն աջակցում են, բարեխղճորեն հարաբերվում են, Հայաստանի դիմակայունությունը հաստատ իր հարևանների դեմ չէ, ընդհակառակը՝ այն և Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացումը ներդրում է նաև հարևանների համար»,- ընդգծել է Մարագոսը՝ հավելելով, որ ԵՄ-ին ինտեգրումն ավելի լայն իմաստով վերաբերում է նաև այս հանգամանքին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել