hetq.am: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ հուլիսի 8-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրաժարականի դիմում կներկայացնի: Պատճառը արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքի հաղթանակն է։
«Ժողովրդավարական ավանդույթի համաձայն՝ ես հուլիսի 8-ի առավոտյան հանրապետության նախագահին հրաժարականի դիմում կներկայացնեմ»,- արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Ատալը: Նրա ելույթը հեռարձակել Է BFMTV հեռուստաալիքը։
Միաժամանակ վարչապետ Ատալը հայտարարել է, որ պատրաստ է կատարել կառավարության ղեկավարի պարտականությունները այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ «Մեր երկրում քաղաքական իրավիճակն աննախադեպ է այն ֆոնին, որ հանրապետությունը մի քանի շաբաթ անց պետք է մեծ թվով մարդկանց ընդունի»,- նշել է Ատալը՝ նկատի ունենալով Փարիզի Օլիմպիական խաղերը: «Մենք պետք է ընդունենք մեծ թվով մարդկանց: Ես վարչապետի պարտականությունները կկատարեմ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ընդգծել է նա։
Ֆրանսիայում Ամառային օլիմպիական խաղերը կկայանան այս տարվա հուլիսի 26-օգոստոսի 11-ը։
Նախօրեին այդ երկրում կայացել էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների II փուլը։ Չնայած շատերը կանխատեսում էին, որ I փուլում հաղթած ծայրահեղ աջ Մարի Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը կհաղթի նաև II փուլում (սակայն մեծամասնություն չի ունենա), այդուհանդերձ ֆրանսիացիները երկրորդ փուլում ամենաշատ ձայները տվեցին ձախ «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքին։ Նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» դաշինքը երկրորդն է այն դեպքում, երբ I փուլի ժամանակ նախագահական կոալիցիան միայն երրորդն էր։ Փոխարենը հիմա երրորդը «Ազգային միավորում»-ն է։
comment.count (0)