Ընտանեկան նպաստների փոխարեն կներդրվի անապահովության նպաստ. ովքեր կլինեն շահառուները
 |1lurer.am|
12:52 - 11 հուլիսի, 2024

Ընտանեկան նպաստների փոխարեն կներդրվի անապահովության նպաստ. ովքեր կլինեն շահառուները |1lurer.am|

1lurer.am: Նախատեսվում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ, որի իրավական հիմքերն ապահովելու համար առաջարկում եք ԱԺ ներկայացնել «Պետական նպաստների մասին» հարակից 6 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 11-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Առաջարկվում է գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդնել անապահովության նպաստ և սահմանել, որ դրա իրավունքն ունի այն ընտանիքը, որի ամսական եկամուտը ցածր է անապահովության սահմանային շեմից, որն էլ ամեն տարի կորոշվի նվազագույն պարենային զամբյուղի արժեքի համեմատ կամ ծայրահեղ աղքատության շեմի հետ համեմատ: Այսինքն՝ նվազագույն պարենային զամբյուղի արժեքից ցածր արդեն մենք գործ ունենք ծայրահեղ աղքատության երևույթի հետ: Այսպիսով՝ մարդը կստանա անապահովության նպաստի իրավունք, եթե իր եկամուտները պակաս կլինեն նվազագույն պարենային զամբյուղի համեմատ սահմանված շեմից»,- ասաց նախարարը:

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ մարդկանց ակտիվացումը կամ աշխատանքի անցնելը, այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող մարդը դիմում է նպաստի, ապա դա նախ կդիտարկվի որպես աշխատանք փնտրելու հայտ, և նրան կառաջարկվի աշխատանք: Եթե աշխատանքի առաջարկը մերժվի, ապա դա կդիտարկվի որպես նպաստի մերժման հիմք:

«Համաձայնվելու դեպքում, բնականաբար, օգնում ենք գտնել աշխատանք, որից հետո կտանք նպաստի համակարգում մնալու որոշակի ժամկետ, որպեսզի կարողանա մարդը կամ ընտանիքը սոցիալ-տնտեսական վիճակը կայունացնել:

Որպեսզի խրախուսենք աշխատելու ձգտումը, ներդրվելու է նոր ինստիտուտ, համաձայն որի՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ՝ Կառավարության սահմանած դեպքերում, չափով և ժամկետներում, և ինչքան մարդը հրաժարվում է պետության կողմից աշխատանքի առաջարկից, այնքան մեծացվելու է վերագրվող եկամտի չափը մինչև սպառողական զամբյուղի արժեքի չափ, քանի որ ենթադրվում է, որ եթե հրաժարվում է, ապա ունի այլ եկամտի աղբյուր»,- պարզաբանեց նախարարը:

Նոր համակարգով կսահմանվեն նաև աղքատության խորացումը կանխարգելող գործիքներ: Կկիրառվի նպաստի դադարեցման սանկցիա այն ընտանիքների նկատմամբ, որոնք պարտադիր հանրակրթության տարիքի երեխաներին կզրկեն կրթության իրավունքից: Սանկցիա կկիրառվի նաև այն դեպքում, երբ ընտանիքն իր անշարժ գույքը կգրավադրի: Այս կերպ, ըստ նախարարի, հնարավոր կլինի զսպել անապահով ընտանիքի՝ անօթևան դառնալու ռիսկը:

Անդրադառնալով նոր համակարգին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս փոփոխությամբ նախ կհաշվարկվեն ընտանիքի անդամների եկամուտները, ապա կգնահատվի նրանց անապահովության մակարդակը: Նաև արձանագրվում է, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի:

«Անընդունելի մտածողություն է, որ աշխատունակ մարդուն ինչ-որ մեկը պիտի օգնի, որպեսզի նա հաց... հումանիտար օգնություն պիտի տան: Սա աբսուրդ է, սա ապապետական մտածողություն է: Աշխատունակ մարդը պետք է աշխատի: Որտե՞ղ աշխատի, ո՞նց աշխատի, սա երկրորդ թեման է: Ուստի մենք համակարգում ներդնում ենք հետևյալը, որ աշխատունակ մարդը, որն անապահով ընտանիքի ներկայացուցիչ է, պետք է գրանցվի նախ որպես աշխատանք փնտրող, որ մեր աշխատանքի համակարգն իրեն տեսնի և պատեհ առիթով նրան առաջարկի աշխատանք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ աղքատությունը հաղթահարում են աշխատանքով, ուստի աշխատունակ մարդուն չաշխատելու հնարավորություն պետք է չտալ:

«Չենք պատրաստվում կոմֆորտ ստեղծել մեր այն սիրելի քաղաքացիների համար, որոնք որոշել են, որ իրենք պետք է աղքատ լինեն և շարունակեն այդպես մնալ: Ո՛չ, մենք նրանց պետք է խրախուսենք, աջակցենք, պետք եղած դեպքում ճնշում գործադրենք»,- ասաց վարչապետը:

Այս համատեքստում նախարարը հավելեց՝ աշխատունակ, բայց չաշխատող մարդկանց թիվը, պոտենցիալը, որ հնարավոր է ակտիվացնել, շուրջ 30 հազարն է. «Մենք 2021-ի՝ մինչև ՄՍԾ-ի ստեղծումը, ունեցել ենք համակարգում 93 հազար անապահով ընտանիք, այս տարվա հունիսի տվյալներով 65 հազար է»:

Նախարարը նաև նշեց՝ համակարգը գործարկելիս կլինեն նոր մուտքեր, քանի որ կան մարդիկ, որոնք համակարգում չեն, բայց պետք է լինեն, և կան տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք չպետք է լինեն համակարգում, բայց համակարգում են:

Նոր համակարգը կգործարկվի մարզերից մեկում 1-2 ամիս ժամկետով, կիրականացվի մոնիթորինգ, ապա կտարածվի բոլոր մարզերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել