Արմավիրի մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել
15:16 - 17 հուլիսի, 2024

Արմավիրի մարզում բոտուլիզմի դեպք է արձանագրվել

Արմավիրի մարզում 2024 թվականի հուլիսի 16-ին արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածները ստանում են բուժօգնություն։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ 

«Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որն արտահայտվում է կենտրոնական և վեգետատիվ նյարդային համակարգի ախտահարմամբ: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի և այլ մթերքի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ` 20-370C ջերմաստիճան և 4.6-ից բարձր թթվայնություն (pH) ունեցող միջավայր, որտեղ սպորները վերածվում են վեգետատիվ ձևերի, բազմանում և արտադրում են թույն` բոտուլինատոքսին: Այդ պայմաններում հարուցչի աճը և բազմացումը տեղի է ունենում 3-4 օրվա ընթացքում: 

Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ: Բոտուլինատոքսինով ախտահարված սննդամթերքը կարող է չփոխել իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության գաղտնի շրջանը 2 ժամից մինչև 12 օր է (կարող է տևել մինչև 30 օր): Կլինիկական հիմնական ախտանշաններն են սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում (պտոզ), բբերի լայնացում (միդրիազ), կլման ակտի խանգարում, ռնգախոսություն, խոսքի խանգարում, բերանի չորություն, սրտի աշխատանքի դանդաղում, շնչառության խանգարում, հավասարակողմ կաթված:

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

Մի՛ օգտվեք պատահական սննդի կետերից

Մի´ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ

Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` եռացնելով առնվազն 20-25 րոպե

Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես (սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխապտույտ, տեսողության խանգարում, երկտեսություն) անմիջապես դիմե´ք բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել