Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
 |hetq.am|
10:27 - 23 հուլիսի, 2024

Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն |hetq.am|

hetq.am: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու  նրանց  պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշումներ։

Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։

Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։

Նշենք, որ «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։  Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։

Այս փուլում դատախազությունը չի հրաարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված է քրեական վարույթ։ Նա, ըստ մեղադրանքի, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու և այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել