Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ |hetq.am|
19:29 - 17 հունիսի, 2025

Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ |hetq.am|

hetq.am: 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին Ոստիկանության աշխատակցի հարվածելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով): Վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա:

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Հետքին» հայտնեց, որ վարույթը նախաձեռնվել է Գլխավոր դատախազությունից ստացված նյութերի՝ ԶԼՄ-ներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկություններն ուսումնասիրելու արդյունքում:

Հիշեցնենք, որ երեկ՝ 2025թ. հունիսի 16-ին, Քասախ համայնքում բողոքի ակցիայի ընթացքում միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Ոստիկանության ծառայող Ալեքսանդր Ազարյանը հարվածել է 24News-ի լրագրող Մերի Մանուկյանին։

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ Աշտարակի խճուղում Ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել