Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում |fip.am|
08:35 - 28 մայիսի, 2019

Բելառուսի դեսպանատան ոդիսականը. շռայլությո՞ւն, թե՞ փողերի լվացում |fip.am|

fip.am: «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ վճարելով շուկայական գնից մոտ չորս անգամ ավել։

2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում գտնվող շինություն։ Դեսպանատան շենքը և հողատարածքը Բելառուսի Հանրապետությունը 2014 թ.-ին գնել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից։

Դեսպանատան շինության պատմությունը
Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մ. Բաղրամյան փողոցի 9,9/1 հասցեում գտնվող տունը և հողատարածքը, որտեղ 2014 թ.-ին տեղափոխվել է Բելառուսի դեսպանատունը, երկար տարիներ պատկանել է 1960 թ. ծնված, նախկինում Առինջի բնակիչ, ներկայում Երևանի Կենտրոնում՝ Պուշկինի փողոցում հաշվառված Ժևիկ Սամվելի Մկրտչյան անունով անձին։

Ըստ Կադաստրի տվյալների, այդ հողատարածքում բոլոր ավարտված և կիսավարտ շինությունները կառուցվել են 2007-2008 թթ.-ին, երբ Ծառուկյանն իր քաղաքական և տնտեսական վերելքի վրա էր, և նրա՝ Առինջի բլրի վրա գտնվող «կալվածքն» արդեն երկու կողմից շրջափակել էր Ժևիկ Մկրտչյանի հողատարածքը։

Ավելի քան կես հեկտար (5371 քմ) տարածք զբաղեցնող ներկայիս դեսպանատան տարածքը մինչև 2009 թ.-ն ամբողջովին պատկանել է Ժևիկ Մկրտչյանին։ 2010 թ.-ի դեկտեմբերին նա հողատարածքի մոտ երկու երրորդը (3747 քմ) վաճառել է Երևանի բնակիչ Հարություն Տիգրանի Թորոսյանին։ Գործարքը կատարվել է 110 մլն դրամով (մոտ 300 000 դոլար)։

Չորս տարի անց՝ 2014 թ.-ի մարտին, երբ ՀՀ կառավարությունում քննարկվել էր Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն տրամադրելու հարցը, Թորոսյանը, զարմանալիորեն, իր գնած հողատարածքը և շինությունն անհատույց հետ է վերադարձրել՝ նվիրաբերել է Ժևիկ Մկրտչյանին։ 2014 թ.-ի մարտին, ըստ այդմ, երկու հողատարածքները միավորվել են և Առինջի համայնքապետի կողմից ստացել միասնական հասցե՝ Բաղրամյան 9,9/1:

2014 թ.-ի փետրվարի 27-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն էր տրամադրել, որի մեջ որպես գնման ենթակա հողամաս նշվում էր Ժևիկ Սամվելի Մկրտչյանին պատկանող՝ Բաղրամյան 9, 9/1 հասցեներում գտնվող տարածքը։
Ըստ բելառուսական TUT.BY լրատվական կայքի, դեսպանատան շենքի արտաքին հարդարանքը և ներքին ամբողջ կահավորումը կատարել է նախկին սեփականատերը՝ Ժևիկ Մկրտչյանը։

Սակայն այստեղ ուշագրավ է հողատարածքի ձեռք բերման արժեքը։ 2014 թ.-ի մայիսին այս հողատարածքի և շինությունների ամբողջ կադաստրային արժեքը գնահատվել է 39 մլն դրամ (մոտ 95 000 դոլար)։ Սակայն, ըստ Ժևիկ Մկրտչյանի և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թ. հուլիսի 24-ին կնքած պայմանագրի, Բելառուսն անշարժ գույքը ձեռք է բերել 2 մլն դոլարով (813 մլն դրամ), որը վերը նշված կադաստրային արժեքը գերազանցում է ավելի քան 20 անգամ։

Մենք նաև կապ հաստատեցինք անկախ փորձագետի հետ, որը տունը և հողատարածքը գնահատեց առավելագույնը 450 000 դոլար։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը երկրի հարկատուների հաշվին մոտ չորս անգամ ավել գումար է ծախսել Հայաստանում դեսպանության ձեռք բերման համար։

Ո՞վ է Ժևիկ Մկրտչյանը
ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից գտնվող հողամասի նախկին սեփականատեր Ժևիկ Մկրտչյանը փոխկապակցված անձ է ոչ միայն Ծառուկյանի հետ։ Նա 2010-2017 թթ.-ին եղել է ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» ընկերության գլխավոր տնօրենը։ 2010 թ.-ին հիմնադրված այս ընկերության բաժնեմասերի 55%-ը պատկանում է Ծառուկյանի «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ին, իսկ մնացածը՝ չորս բելառուսական ընկերության, որոնք մտնում են բելառուսական պետական «Բելգոսպիշչեպրոմ» կոնցեռնի մեջ։

Հաշվի առնելով Ժևիկ Մկրտչյանի՝ գործարքի կնքման ժամանակ ««Ար-Բե» հայ-բելառուսական առևտրի տուն» կազմակերպության տնօրեն լինելու փաստը՝ ակնհայտ է, որ տեղի է ունեցել շահերի բախում։ Այսինքն՝ Բելառուսի կառավարությունը գույքի դիմաց գումար է վճարել իր հետ առնչություն ունեցող կոնցեռնի ներկայացուցչին՝ փողերի լվացման վերաբերյալ կասկածների տեղիք տալով։


Ծառուկյանի և Լուկաշենկոյի կապերը
Հայտնի է, որ Բելառուսի 25 տարվա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Գագիկ Ծառուկյանի մտերիմ ընկերն է։ 2013 թ.-ի մայիսին Հայաստան այցելության ժամանակ Ծառուկյանն անձամբ էր օդանավակայանում դիմավորել Լուկաշենկոյին և նրան հյուրընկալել իր տանը։ Լուկաշենկոն ներկա էր գտնվել նաև Աբովյան քաղաքում Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես եկեղեցու բացմանը։

Բելառուսի առաջնորդը 2013 թ.-ի սեպտեմբերին Ծառուկյանին պարգևատրել է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանով։ 2016 թ.-ի հոկտեմբերին Ծառուկյանը հարավաֆրիկյան ծագման չորս սպիտակ առյուծ էր նվիրել Լուկաշենկոյի 12-ամյա որդուն։

2012 թ.-ին Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատը և Բելառուսի նախագահի աշխատակազմին պատկանող «Բելառուստորգ» պետական ձեռնարկությունը Մինսկում համատեղ հիմնադրել էին «Արմյանսկիյ ստանդարտ» ՍՊԸ-ն՝ համապատասխանաբար 69% և 31% բաժնեմասերով։ Այն զբաղվում է հայկական կոնյակի շշալցմամբ։

2016-ին և այս տարվա ապրիլին Գագիկ Ծառուկյանին նկատել էին Բելառուսի դեսպանատանը պատկանող «36 D009 AM» պետհամարանիշով ավտոմեքենայով շրջելիս։

Ամփոփում
Fip.am-ը հարցում ուղարկեց Բելառուսի դեսպանություն՝ պարզելու, թե ինչո՞ւ է որոշվել դեսպանությունը տեղափոխել Երևանից դուրս և ի՞նչ սկզբունքով է ընտրվել այդ տարածքը։ Սակայն պատասխան այդպես էլ չստացանք։ Fip.am-ն այցելեց դեսպանատուն՝ փորձելով բացատրություն ստանալ, սակայն դեսպանության ներկայացուցիչները մերժեցին ընդունել և մեկնաբանել վերոնշյալ հարցերը։

Այսպիսով, մի շարք հարցեր մնում են անպատասխան։

Ինչո՞ւ 2010-ին շուրջ 300 000 դոլարով ձեռք բերած կալվածքը Հարություն Թորոսյանը որոշեց անհատույց նվիրել նախկին սեփականատիրոջն անմիջապես ՀՀ կառավարության կողմից տրված թույլտվությունից հետո։

Ի՞նչը դրդեց Բելառուսին ծախսել 2 մլն դոլար՝ շուկայական արժեքից քառակի անգամ ավելի, և տեղափոխել դեսպանատունը մայրաքաղաքից դուրս ու հաստատվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կից տարածքում։ Այս հարցը կհետաքրքրի նաև Բելառուսի քաղաքացիներին, որոնց հարկերի հաշվին է գնվել այս դեսպանատունը։

Հնարավո՞ր է արդյոք, որ այստեղ տեղի է ունեցել պետական փողերի լվացման դասական օրինակ, քանի որ Ժևիկ Մկրտչյանն ուղղակի առնչություն է ունեցել Բելառուսի կառավարության հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել