Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն
10:01 - 01 օգոստոսի, 2024

Մխիթար Հայրապետյանն այցելել է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Արագած» ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 31-ին այցելել է «Արագած» ՍՊ ընկերություն, որը զբաղվում է ռազմական և պաշտպանական տեխնիկայի արտադրությամբ։ Ընկերությունը, որը հիմնադրվել է դեռևս 1992 թվականին, այժմ մասնագիտացած է ռազմական կիրառման  էլեկտրոնային սարքերի նախագծմամբ, մշակմամբ և սերիական արտադրությամբ։ 

Ընկերության ղեկավար Հովհաննես Ղարիբյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել վերջին շրջանի բարեփոխումներին, արտադրական ծավալներին։

Այս ընկերությունում է ամբողջությամբ նախգծվել և պատրաստվել հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար ջերմադիտարկման սարքը։ Ընկերության տնօրենը նշել է, որ աշխարհի տարբեր երկրներում նման սարքեր արտադրվում են, հայկականն իր որակով չի զիջում դրանց, իսկ գինը մոտ 4 անգամ ավելի էժան է:

Հովհաննես Ղարիբյանն ընդգծել է, որ արտադրվող տեսականին ամբողջությամբ կիրառվում է ՀՀ ՊՆ-ի կողմից, սակայն արտադրական ծավալներն ու գործարանի հնարավորությունները թույլ են տալիս առաջիկայում մտածել նաև արտահանման մասին։

Անդրադարձ է կատարվել նաև կադրերի համալրման խնդրին։ Նշվել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ընկերության աշխատակազմը գրեթե տասնապատկվել է։  Աշխատակիցները բարձր որակավորում ունեցող մեխանիկներ, էլեկրոնիկայի հետ աշխատող մասնագետներ, ֆիզիկոսներ և ծրագրավորողներ են։  Առաջարկ է եղել նաև նախարարության կողմից ինժեներական կրթության ուղղությամբ համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտադրական տարածքների ընդլայնման, նոր ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները, դրանց իրականացման տարբերակները։ 

Մխիթար Հայրապետյանն իր աջակցությունն է հայտնել նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ, կարևորել է ռազմարդյունաբերության ոլորտի պերմանենտ զարգացմանն ու ընդլանմանն ուղղված ծրագրերի իրականացումը, որը հնարավորության կտա էլ ավելի մեծ արժեք ստեղծել տնտեսության ռազմարդյունաբերության ճյուղում։ 

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր մի քանի անգամ ավելացվել են պաշտպանական ոլորտում գիտատեխնիկական հետազոտությունների համար տրամադրվող գումարները, ինչի արդյունքում ռազմարդյունաբերական համալիրի հայաստանյան մի շարք ընկերություններ, այդ թվում նաև «Արագած»-ՍՊԸ-ն, ընդլայնել են մշակումների շրջանակն ու արտադրության ծավալները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել