Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար
 |1lurer.am|
13:13 - 01 օգոստոսի, 2024

Իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար |1lurer.am|

1lurer.am: Կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույքը տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ ՀՀ պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության օգոստոսի 1-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

Ըստ նախարարի՝ այս աշխատանքներն այսօր էլ կատարվում են պետական և մասնավոր հատվածների համագործակցությամբ, սակայն բանավոր հիմքով:

Նախագծով առաջարկվում է ստեղծել ինստիտուցիոնալ հենք, որոնցով ռազմարդյունաբերողները կառաջնորդվեն, այն է՝ հստակ պատկերացում կունենան, թե ԳՀՓԿ աշխատանքների համար դիմելու հայտերն ինչպես են ձևավորվում, ֆինանսավորվում, կատարվում:

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար: Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել