tert.am: Վրաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» աղմկահարույց օրենքը, որը երկրում զանգվածային բողոքի ցույցեր է առաջացրել։ Իրավական նորմը իրենց եկամուտների առնվազն 20 տոկոսն արտերկրից ստացող հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին պարտավորեցնում է գրանցվել Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունում, գրում է dw.com-ը։
Օրենքի տարածման տիրույթում ընդգրկված կազմակերպությունները պարտավոր են ամեն տարի Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր: Այս պահանջներից խուսափելու դեպքում կկիրառվի 25 հազար լարի (մոտ 8,5 հազար եվրո) տուգանք։
Վիճահարույց օրենքի ընդունումն ուղեկցվում էր բողոքի ակցիաներով ապրիլի կեսերից։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո էր դրել փաստաթղթի վրա՝ այն անվանելով «օտարերկրյա գործակալների մասին» ռուսական օրենքի պատճենը, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթահարել էր պետության ղեկավարի վետոն խորհրդարանում իր մեծամասնության շնորհիվ:
Վրաստանի կառավարությունը պնդում է, որ, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կամրապնդի պետական ինքնիշխանությունը և կնվազեցնի հասարակության բևեռացումը։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը Թբիլիսիի հասցեին քննադատություններ է առաջացրել Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։ ԵՄ երկրների ղեկավարները կասեցրել են Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը և սառեցրել 30 միլիոն եվրոն, որը նախատեսված էր Թբիլիսիին պաշտպանական ոլորտում:
ԱՄՆ-ն վիզային արգելքներ է մտցրել վրացի մի շարք քաղաքական գործիչների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտարարել է Վրաստանի հետ համագործակցության վերանայման մասին։ Մասնավորապես, Վաշինգտոնը դադարեցրել է 95 միլիոն դոլարի օգնությունը Թբիլիսիին և անորոշ ժամանակով հետաձգել Վրաստանի հետ «Արժանի գործընկեր» համատեղ զորավարժությունները։
comment.count (0)