Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|
10:41 - 12 դեկտեմբերի, 2019

Որ դեպքերում է բռնագանձվելու գույքը |lragir.am|

lragir.am: Կառավարության նիստում հաստատվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության նիստում ներկայացրեց նախագիծը։ Ըստ նրա՝ փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։

«Իրավասու մարմինը կգործի ՀՀ գլխավոր դատախազության կազմում։ Ուսումնասիրության համար հիմք կհանդիսանան որոշակի ազդակներ, մասնավորապես, որոշակի հանցագործությունների քրեական գործերի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող, այսինքն՝ օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի առկայության տվյալները։ Իրավասու մարմինն իր լիազորությունների շրջանակներում կիրականացնի ուսումնասիրություն և առնվազն երեք տարվա ընթացքում կնախապատրաստի հայց ու կներկայացնի դատարան»,- ասաց նախարարը։

Գույքը ենթակա է բռնագանձման, եթե հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը օրենքով նախատեսված ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Այսինքն՝ սա պետության ապացուցման բեռն է, ասաց նախարարը։ Երկրորդ պայմանն այն է, որ պատասխանողը չի հերքում իր գույքի ապօրինի ծագման հնարավորությունը՝ եթե այդ գույքի արժեքը գերազանցում է օրենքով նախատեսված շեմը։ Ըստ նախարարի՝ երկար ժամանակ այդ շեմը 50 մլն դրամն էր, բայց ԵԽ փորձագետների կարծիքի համաձայն՝ միջին աշխատավարձի համեմատ այդ շեմը բարձր է և անհրաժեշտ է իջեցնել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց Բադասյանին՝ սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե ընդհանրապես բոլորին։

Նախարարը պատասխանեց, որ առաջին հերթին ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։

«Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է հարուցված քրեական գո՞րծ լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Վեց հիմք ունենք։ Առաջին հիմքը, եթե կա օրինական ուժի մեջ մտած մեդադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ, կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկով, երրորդ, առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումն անհնար է։ Չորրորդ, առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, բայց քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ, օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, մնացածներն ավելի լայն են, և վերջին հիմքը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց Բադասյանը։

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել