«Համաս»-ը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների». BBC
 |azatutyun.am|
09:32 - 15 օգոստոսի, 2024

«Համաս»-ը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների». BBC |azatutyun.am|

azatutyun.am: «Համաս»-ը չի մասնակցի Գազայում զինադադարի և պատանդների ազատ արձակման հարցով այսօր Կատարում նախատեսված նոր բանակցություններին, BBC-ին փոխանցել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական խմբավորում ճանաչված «Համաս»-ի ղեկավար անդամներից մեկը։

Իսրայելը հաստատել է իր մասնակցությունը բանակցություններին։

«Համաս»-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ խմբավորումը չի ցանկանում մասնակցել «բանակցություններին հանուն բանակցությունների, որի ներքո Իսրայելը շարունակում է պատերազմը», այլ ցանկանում է տեսնել «ճանապարհային քարտեզ», պայմանավորվածությունների իրականացման հստակ ծրագիր։

«Այդ ծրագիրը պետք է հիմնված լինի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված առաջարկների վրա», - BBC-ին ասել է «Համաս»-ի ներկայացուցիչը:

ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վենդետ Պատել վերջին ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել, որ «Համաս»-ի ներկայացուցիչներն այնուամենայնիվ կմասնակցեն բանակցություններին։

«Կատարի մեր գործընկերները մեզ հավաստիացրել են, որ «Համաս»-ից ներկայացուցչություն կլինի: Ակնկալում ենք, որ այդ բանակցություններն առաջ կշարժվեն։ Բոլոր բանակցողները պետք է վերադառնան սեղանի շուրջ և ավարտին հասցնեն այս գործարքը», - ասել է Պատելը։

Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները համատեղ պահանջ էին ներկայացրել Իսրայելին և «Համաս»-ին՝ վերադառնալ Գազայի շուրջ առաջացած փակուղի բանակցություններին։ «Այլևս հնարավոր չէ ժամանակ կորցնել, կողմերից և ոչ մեկն այլևս չունի արդարացումներ հարցը հետաձգելու համար», - ասվում էր համատեղ հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Հայաստանը ողջունել են Գազայի հարցով բանակցությունները վերսկսելու կոչերը։

Բանակցությունները տեղի կունենան այսօր Դոհայում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին իսրայելական լրատվամիջոցները, Դոհա կմեկնեն Մոսադի հետախուզության ղեկավար Դեյվիդ Բարնեան, Շին Բեթի անվտանգության ղեկավար Ռոնեն Բարը, ինչպես նաև Նեթանյահուի խորհրդականները և Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները։ Հանդիպմանը կմասնակցի նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը, հաղորդում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել