factor.am: Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, Հայաստանի քաղաքացիների մասով տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք: Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյան՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների և իրանահայ համայնքի հետ կապված հարցին ի պատասխան։
Այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ Իրանի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան, իսրայելական կողմի հարվածները հեռու են եղել այն թաղամասերից, որտեղ հայերն են բնակվում։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Իսրայելը օդային լայնամասշտաբ հարձակում է գործել Իրանի ուղղությամբ՝ թիրախում ունենալով տարբեր վայրերում տեղակայված միջուկային օբյեկտներ։ Հարվածներ են տեղացել նաեւ մայրաքաղաք Թեհրանի վրա։ Զոհվել են իրանցի ռազմական բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, Իրանի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին եւ այլք։
Այս ռազմական գործողությունն Իսրայելը ձեռնարկել է ԱՄՆ-Իրան բանակցություններից 2 օր առաջ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն մասնակցություն չունի օպերացիային, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն պարզապես տեղյակ է եղել պլանավորվածի մասին։ Իրանը կարծում է, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի օժանդակության չէր կարող գործել։
comment.count (0)