armenpress.am: Երևան քաղաքի ավագանու սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգում է ավագանու երեք անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ Անյուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Առաջինը քննարկվեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգորի Երիցյանին մանդատից զրկելու հարցը։
Համապատասխան նախագծում առաջարկվում է ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով, որոշում ընդունել վաղաժամկետ դադարեցնելու Գրիգորի Երիցյանի ՝Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները։
Որպես հիմնավորում ներկայացված է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի նիստերին, սակայն Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգորի Երիցյանը, ով հանդիսանում է Երևան քաղաքի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ավագանու անդամի լիազորությունները ստանձնելուց հետո բացակայել է իրավական հանձնաժողովի 7 նիստերից 6-ից, իսկ Երևան քաղաքի ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում բացակայել է հանձնաժողովի նիստերի կեսից:
Նշվում է, որ Գրիգորի Երիցյանի կողմից իր բացակայությունների վերաբերյալ որևէ բացատրություն նախագահին կամ հանձնաժողովին չի ներկայացվել: Հաշվի առնելով վերոգրյալը և կարևորելով ավագանու հանձնաժողովների դերը՝ առաջարկվել է վաղաժամկետ դադարեցնել Երևան քաղաքի ավագանու անդամ Երիցյանի լիազորությունները:
Իր խոսքում Երիցյանն «Ազգային առաջընթաց» խմբակցության անունից անընդունելի է համարել ավագանու նիստի նման օրակարգը, քանի որ, ըստ նրա, իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծն ակնհայտ կեղծ տեղեկատվություն է պարունակում։
Երիցյանը կեղծ է համարում մասնավորապես ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից 4-ից բացակայության վերաբերյալ տեղեկությունը՝ պնդելով, թե 5 նիստերից 4-ին ներկա է գտնվել։
«Պահանջելու եմ իրավապահ մարմիններից հասկանալ, թե ոնց է այս հիմնավորումը տեղ գտել այս փաստաթղթի մեջ, և դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն մարդիկ, ովքեր ստորագրել են դրա տակ»,-ասել է Երիցյանը՝ առաջարկելով հանել հարցն օրակարգից։
Ավագանին 25 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ չի ընդունել Երիցյանի առաջարկը։
Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից էլ առաջարկվել է օրակարգից հանել Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի Երևան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հարցերը, որոնք նույնպես չեն ընդունվել։
comment.count (0)