Մենք գնահատում ենք հայերի ունեցած բացառիկ դերը հնդկական հասարակության զարգացման գործում. Հնդկաստանի պետնախարար |armenpress.am|
17:09 - 11 սեպտեմբերի, 2024

Մենք գնահատում ենք հայերի ունեցած բացառիկ դերը հնդկական հասարակության զարգացման գործում. Հնդկաստանի պետնախարար |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանն ու Հայաստանը ձգտում են խաղաղության, բարգավաճման և բոլորի համար նախընտրելի համակեցության։ Դրանից է բխում՝ «Տեխնոլոգիաներ բարեկեցության համար» հայեցակարգը։ Համատեղ ջանքերի շնորհիվ արձանագրված հաջողություններն արտացոլում են այդ սկզբունքները տարբեր բնագավառներում, ներառյալ ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Հայերն ու հնդիկներն էական դեր են խաղում թվային մայրուղիներ կառուցելու գործում, ինչի շնորհիվ աշխարհը վերածվում է «գլոբալ բնակավայրի», դառնում ավելի լավը, քան անցյալում էր։  

Այդ տեսակետը «Հայաստանը Հնդկաստանում և Հնդկաստանը Հայաստանում» մշակութային համաժողովի ժամանակ հայտնեց Հնդկաստանի շրջակա միջավայրի և արտաքին գործերի պետնախարար Կիրտի Վարդհան Սինխը։ 

«Համաժողովի անվանումը վկայում է մեր երկու երկրների միջև առկա սերտ կապերի մասին, որոնք հատել են աշխարհագրական սահմանները և երկու երկրներին մոտեցրել՝ չնայած նրանց միջև գոյություն ունեցող հեռավորությանը: Հնդկաստանը ոչ միայն ծանոթ է Հայաստանին, այլև գնահատում է հայերի ունեցած բացառիկ դերը հնդկական հասարակության զարգացման գործում: Առաջին հայերը, ովքեր հաստատվեցին մեր երկրում, առևտրականներ ու վաճառականներ էին, ովքեր ձևավորեցին կենսունակ համայնքներ Հնդկաստանի տարբեր հատվածներում։ Տարիների ընթացքում այդ հանգամանքը վկայեց բազմակի աճի և զարգացման մասին` նպաստելով ներկայիս կայուն վիճակին»,- ասաց պետնախարար Սինխը: 

Նա հիշեցրեց, որ Հնդկաստանում հայկական ներկայության վառ օրինակներից է Կալկաթայի եկեղեցին, որն առաջինն է կառուցվել այդ երկրում 1688 թվականին։ Այսօր էլ հայերի ներկայությունը Կալկաթայում և Հնդկաստանի մյուս հատվածներում ունի մեծ խորհուրդ, հայկական համայնքը զարգանում և ծաղկում է։ Պետնախարարի համար իսկապես հուզիչ էր տեսնել, որ Երևանում բացված ցուցահանդեսի մի ամբողջ բաժին նվիրված է երկու երկրների ընդհանուր ժառանգության փառահեղ գլուխներին: Ցուցահանդեսը մատնանշում է այն ամուր պատմական հիմքը, որի վրա խարսխված են երկու երկրների սերտ կապերն ու ներուժը, որոնք միտված են ապագային։   

«Ես հավատում եմ, որ Հայաստանի ու Հնդկաստանի միջև ընդհանրությունը, գաղափարների գեներացիան, մշակութային կապերի ազդեցությունը բնական են`խթանելով այն ուղին, որով մենք հարաբերվում ենք ամբողջ աշխարհի հետ։ Պատմության ընթացքում մեր երկրները եղել են գլոբալիզացիայի, մշակույթների ու ազգերի միջև բարեկամության ջատագովներ: Ընդհանուր աշխարհայացքը շարունակում է առաջնորդել մեզ նաև այսօր: Հնդիկներն ու հայերն իրենց ինքնությունը հաստատել են ամբողջ աշխարհում, անցել են տարբեր աշխարհագրական, քաղաքական և մշակութային անջրպետների միջով, ձգտել են ստեղծել հնարավորություններ աճի, համախմբվածության և միասնության հասնելու համար: Մենք չենք խրախուսում պատերազմները, այլ ջատագովն ենք խաղաղության և գնահատում ենք տաղանդը,  զարգացնում ենք կրթությունը։ Հնդկական էթնոսում հայտնի արտահայտությունը՝ «աշխարհը մեկ ընտանիք է», շատ նման է հայերի մոտ տարածված՝ «ցավդ տանեմ» արտահայտությանը»,- ասաց Կիրտի Վարդհան Սինխը։  

Նրա դիտարկմամբ՝ ընդհանուր արժեքներն ավելի մեծ նշանակություն են ստանում մերօրյա աշխարհում, որն ականատես է լինում խաղաղության ու կայունության խաթարմանն ուղղված ավելի մեծ մարտահրավերների:  

«Մեր երկու երկրների շահերից է բխում երկկողմ գործընկերությունը՝ գլոբալ կայունության ամրապնդմանը հասնելու ճանապարհին: Մենք ունենք եզակի ներուժ՝ այդ նպատակն իրագործելու համար»,- ասաց պետնախարարը: 

Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 10-ին մասնակցել է «Երևանյան երկխոսություն 2024» համաժողովին, որտեղ ականատես է եղել բուռն քննարկումների տարբեր թեմաների շուրջ, ներառյալ ամենահրատապ մարտահրավերները: Պետնախարարին ոգևորել է տեսակետների ընդհանրությունն ու մի շարք հարցերում համաձայնության գալու հեռանկարը։  

«Այսօրվա համաժողովը յուրատեսակ կամուրջ է, որը վերստին հուշում է մեզ, որ մեր երկրները մշակույթը համարում են զարգացման հենասյուն, խթանիչ ուժ՝ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու և ավելի մեծ, գլոբալ բարիքի հասնելու համար։ Հայաստանն ու Հնդկաստանը կարող են շատ բան անել համատեղ նախագծերը կյանքի կոչելու գործում և հանընդհանուր դիսկուրսը տանել ավելի լավ, ավելի դրական ու կառուցողական ճանապարհով»,- եզրափակեց Հնդկաստանի շրջակա միջավայրի և արտաքին գործերի պետնախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել