news.am: Թե երբ է տեղի ունենալու Սնուփ Դոգի համերգը, չեմ կարող ասել, որովհետեւ ԿԳՄՍ նախարարությունը չի կզմակերպում համերգը, մենք միայն հանդիսանում ենք ֆինանսավորող կողմը, համերգի բանակցությունները եւ կազմակերպումը «Դոփինգ Սփեյս» ընկերության գործն է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք իրենցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները։ Սպասում ենք նրանց արձագանքին։ Մեր տեղեկություններով, իրենք բանակցություններ են վարում օրերի շուրջ։ Այս պահին որևէ լրացուցիչ նորություն չկա»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում ելքը երկուսն է. «Կամ օրը կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ եթե համաձայնության չգան երգչի հետ, համերգը տեղի չունենա, ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, բոլոր գումարները կվերադարձվեն»։
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգը Երևանում նախատեսված էր 2023 թ. սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր։ Այդ համերգի համար ՀՀ կառավարության որոշմամբ 2023 թ. ՀՀ պետական բյուջեի միջոցներից «Մշակութային միջոցառումների իրականացնում» ծրագրի շրջանակներում գանձապետարանում հաշվառվել է 2.318.596.800 դրամ գումարի պայմանագիր։ Այդ գումարն 2023 թ. օգոստոսի 25-ին ամբողջությամբ վճարվել էր։ Վճարված գումարի վերադարձ չի իրականացվել։
Նշենք, որ համերգը հետաձգվել էր սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու բնակիչների բռնի գաղթի պատճառով։
comment.count (0)