ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից,
Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել է, որ բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալն ազգային մրցունակության նախադրյալ է և այս համատեքստում առանձնակի ընդգծել արհեստական բանականության կիրառության կարևորությունը տնտեստության բոլոր ճյուղերում՝ հաշվի առնելով տեխնոլոգիայի աճի արագ տեմպերն ու արտադրողականության աճի պոտենցիալը։
Հանդիպմանը NVIDIA-ի ԱՄԷ-ի ներկայացուցիչ, ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման տնօրեն Անտոն Զորաևը մանրամասն ներկայացրել է ընկերության լուծումներ՝ փոխակերպելով աշխարհի խոշորագույն արդյունաբերությունները` խորապես ազդելով հասարակության վրա: Կողմերը հանգամանալից քննարկել են նաև ՀՀ-ում արհեստական բանականության ենթակառուցվածքների նախապատրաստման, ներդրման, ինչպես նաև գերհամակարգիչների կիրառման հնարավորությունները, որոնք կնպաստեն Հայաստանում ամենատարբեր՝ տնտեսական, կրթական, առողջապահական, կիբեռանվտանգության, քաղաքացիական ծառայությունների կազմակերպման, քաղաքաշինության և այլ բնագավառների զարգացմանը:
Հաշվի առնելով Հայաստանի լեզվամշակութային առանձնահատկությունները՝ քննարկվել է նաև հայոց լեզվի մոդելի ներդրման կարևորության հարցը: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ նախանշյալ ուղղություններով հետագա փոխգործակցության վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել նաև Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, «GeForce Now» ընկերության ԱՊՀ երկրների և Հարավային Կորեայի տարածաշրջանային տնօրեն Պավել Տռոիցկին, Հայաստանի Վերակառուցման և Զարգացման «ԱԴԿԱՌՍ» գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանը, «Արմեդ-Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչները: NVIDIA-ն հիմնադրվել է 1993 թվականին:
NVIDIA-ի արագընթաց աճը կապված է ընկերության՝ արհեստական բանականության ոլորտում գերակայության հետ: Այժմ այն դարձել է մասնագիտացված GPU-ների և կիսահաղորդիչ կոմպոնենտների առաջատար մատակարարը AI համակարգերի համար ամբողջ աշխարհում: NVIDIA-ն այժմ ամբողջական փաթեթային հաշվողական ենթակառուցվածքային ընկերություն է՝ տվյալների կենտրոնական մասշտաբով:
Ընկերության գլխամասը տեղակայված է Կալիֆորնիայի Սանտա Կլարա քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 31․000 աշխատակից աշխարհի 36 երկրներում:
comment.count (0)