Հակակոռուպցիոն դատարանում 44-օրյա պատերազմի ժամանակ Ջրականի 5-րդ գումարտակի 13-րդ վաշտի հրամանատար Հայկազ Գրիգորյանին առնչվող գործի հիմնական դատալսումների փուլի վերջին նիստն էր այսօր։ Դատարանը, նախագահությամբ Վարդգես Ստեփանյանի, լսելով մեղադրյալ Հայկազ Գրիգորյանի եզրափակից խոսքը, հեռացավ վերդիկտ կայացնելու։ Վերդիկտը մինչեւ դատավճիռ կայացնելը մեղադրյալի անմեղության կամ մեղավորության վերաբերյալ դատարանի գրավոր հետեւությունն է։
Հայկազ Գրիգորյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության մեջ այն բանի համար, որ զբաղեցրած դիրքերի պաշտպանությունն առկա ուժերով ու միջոցներով շարունակելու, ինչպես նաեւ ենթակա անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու փոխարեն, իր եւ ենթակա ստորաբաժանման կյանքն ու առողջությունը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ու խմբային շահից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները։ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, պնդում է՝ ինքը չի փախել, այլ ինչքան կարողացել է, մնացել է տեղում, եւ երբ զգացել է, որ այլեւս հնարավոր չէ դիմակայել հակառակորդին, փրկել է իր անձնակազմի կյանքը։
Այսօր իր եզրափակիչ ելույթում Հայկազ Գրիգորյանը վերահաստատեց դատաքննական ցուցմունքում ասած իր պնդումը՝ չի փոշմանում, որ իր վաշտին նահանջի հրաման է տվել, քանի որ այդպիսով փրկել է 80 զինծառայողի կյանք։
Ներկայացնելով իր անցած զինվորական ճանապարհը՝ մեղադրյալը նաեւ նշեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ առաջին իսկ օրից ինքը մեկնել է մարտական հերթապահության, իր ընտանիքն էլ եղել է Ջրականում՝ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նա շեշտեց, որ ինքը փախչելու մտադրություն չի ունեցել, այլ իրավիճակից ելնելով որոշում է կայացրել նշված տեղանքից վաշտը դուրս բերել։ Այդ որոշման մասին, ինչպես նշեց Հայկազ Գրիգորյանը, ինքը տեղյակ է պահել վերադաս հրամանատարությանը, մասնավորապես զորամասի հրամանատար Գարիկ Վարդերեսյանին, ու ստացել հրաման՝ «ոտերներդ տեղներիցդ չպոկեք»։ Նման հրամանը Հայկազ Գրիգորյանի համար տարակուսելի է, նա ասում է՝ տասը տարուց ավելի ծառայության մեջ է եղել, այդպիսի հրաման որեւէ զինվորական իրավական ակտում չի տեսել։ Ի վերջո, ինքը կայացրել է այդ որոշումը․ «Տվյալ տարածքում ես եմ եղել հրամանատարը ու չեմ փոշմանում մինչ օրս, որ կայացրել եմ այդ որոշումը, որովհետեւ փրկվել է 80 զինվորի կյանք»։
Հայկազ Գրիգորյանը ներկայացրեց, որ իր այդ հրամանից հետո զորքը հասել է 9կմ կոչվող տեղանք, որտեղ նրանց դիմավորել է մայոր Չեւրիկյանը (ըստ ամենայնի՝ նկատի ունի մայոր Էդմոնդ Չեւրիկյանին) եւ իրենց հետ չի ուղարկել այն դիրք, որտեղից իջել էին․ «Մայոր Չեւրիկյանը դրա անհրաժեշտությունը չի տեսել»,- ասաց մեղադրյալը՝ նշելով, որ այդ հատվածից իր վաշտին ուղարկել են այլ տեղանք՝ շարունակելու մասնակցել մարտական գործողություններին։
Երկար չխոսեց Հայկազ Գրիգորյանը։ Վերջում նա միայն ասաց՝ տեղը չի գտնում, որ այս դատական գործի բերումով չի կարողանում օգուտ տալ Հայաստանի զինված ուժերին (44-օրյա պատերազմից հետո Հայկազ Գրիգորյանը ծառայության էր անցել ՀՀ զինված ուժերում, այժմ, կալանքից ազատվելուց հետո, նա այլ զբաղվածություն ունի)։
Մեղադրյալի եզրափակիչ ելույթից հետո հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանը մի քանի դիտարկում արեց ինչպես Գրիգորյանի ասածների, այնպես էլ նրա պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառի վերաբերյալ։ Ավետիսյանի համար ցավալի է, որ Հայկազ Գրիգորյանն իր որոշման ու գործողությունների համար այդպես էլ չի փոշմանում։ Նա ընդգծեց, որ մենք ունենք հայրենիքի պաշտպանության ընդհանուր շահ, եւ այն չի կարող ստորադասվել որեւէ ուրիշ բանի։ Ընդ որում, ինչպես նկատեց մեղադրողը, դա արձանագրված է նաեւ զինվորական համապատասխան փաստաթղթում՝ պաշտպանել հայրենիքը ամեն գնով։
Ինչ վերաբերում է պաշտպանի ելույթին՝ Գեւորգ Ավետիսյանը նախ հիշեցրեց Նորիկյանի այն պնդումը, որ եթե Հայկազ Գրիգորյանը փախչելու մտադրություն ունենար, ապա նահանջից հետո որեւէ այլ գործողության մասնակցելուց ամեն կերպ կխուսափեր, բայց հակառակը՝ նա Հադրութում այլ գործողությունների է մասնակցել։ Ավետիսյանն այս համատեքստում նկարագրեց Հայկազ Գրիգորյանի՝ իր խոսքով՝ հետհանցավոր վարքագծի դրվագներ, որոնք, ըստ նրա, վկայում են այն մասին, որ Գրիգորյանի՝ իրենց բնագծից նահանջելու հրամանը ոչ թե իրավիճակի թելադրանքն է եղել, այլ ունեցել է անձնական շահագրգռվածություն։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ այս գործի շրջանակում խոսվել է «գերեզմաններ» կոչվող տեղամասում մարտական գործողություններից Հայկազ Գրիգորյանի բացակայելու մասին․ ««Գերեզմաններ» [կոչվող տեղանքի մարտական գործողությունների] դրվագում [վկաները] որեւէ տվյալ չհայտնեցին, ասացին, որ ոնց որ [Հայկազ Գրիգորյանն] ավելի շուտ էր դուրս եկել տեղանքից»,- նշեց հանրային մեղադրողը։
Այս դատաքննության ընթացքում վկա Արման Արմաղանյանը, որը եղել է Հայկազ Գրիգորյանի վաշտից, իր ցուցմունքում ասել էր, որ նահանջի ժամանակ հասել են «Թուրքի գերեզման» կոչվող տարածք, որտեղ եղած կռիվը ցույց է տվել, թե ինչ վիճակում է զորքը։ Նրա խոսքով՝ այդ տեղանքում վաշտի հետ են եղել հրամանատար Հայկազ Գրիգորյանը, լեյտենանտ Գագիկ Հարությունյանը, ավագ ենթասպա, որի անունը վկան չհիշեց․ «Ես շարքի վերջերն էի, իմ զգացողությամբ՝ սպաները մնում են սկզբի հատվածում։ [․․․] Բայց հետո պարզեցինք, որ էդ ժամանակ սպայական կազմից մեր հետ մնացել էր մենակ Գագոն, ինքը վիրավորվել, զինվորների օգնությամբ հետ էր նահանջել»,- ասել է Արմաղանյանը։ Վերջինս, պատասխանելով հանրային մեղադրողի ճշտող հարցին, թե ուր էին սպաները, ասել է, որ երբ բացազատվել են այդ տարածքում, իրենց մոտ սպաներ չեն եղել, իսկ ինքը հետագայում իրեն իրավունք չի վերապահել վերադասին հարցնել, թե որտեղ է եղել այդ ժամանակ։
Հետհանցավոր վարքագծի տրամաբանության համատեքստում հանրային մեղադրողը նաեւ հիշեցրեց Խուռհատ սարի քրեական գործի շրջանակում քննարկված մի դրվագ, երբ Հայկազ Գրիգորյանը, այդ ժամանակ նշանակված լինելով շտաբի պետ, շրջափակումից դուրս է բերել զորքի չնչին հատվածի։ «Երբ զորքին պետք է եղել հրամանատար, վաշտի հրամանատարը բացակայել է․ սա հիմնավորված փաստ է»,- պնդեց հանրային մեղադրողը։
Պաշտպանը հակադարձեց այս պնդումներին՝ հայտարարելով, որ նախ Խուռհատ սարի գործը այս քրեական գործի հետ կապ չունի եւ այնտեղ քննարկված հանգամանքները չեն կապվում այս գործի հանգամանքներին։ Իսկ ինչ վերաբերում է Հայկազ Գրիգորյանի՝ իրենց զբաղեցրած բնագծից նահանջի հրաման տալուն, նա դարձյալ վկայակոչեց զորամասի հրամանատար Արտյոմ Պողոսյանի ցուցմունքի այն հատվածը, որտեղ վերջինս ասում էր՝ եթե Հայկազ Գրիգորյանն իր ենթակա անձնակազմով սպասեր այդ տարածքում, իրենք գալու էին եւ միասին նահանջ կատարեին։ Այսինքն, ըստ պաշտպանի, այդ տեղանքից նահանջելու ընդհանուր տրամադրվածություն է եղել։ Նա նաեւ պնդեց, որ Հայկազ Գրիգորյանի գործողությունների հետեւանքով չեն եղել ոչ մարդկային, ոչ տարածքային, եւ ոչ էլ տեխնիկայի կորուստներ։
Կողմերի վերջնական ելույթներից հետո դատական նիստը հետաձգվեց, դատարանը հեռացավ վերդիկտ կայացնելու։
Հանրային մեղադրող Գեւորգ Ավետիսյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։
Պաշտպան Նորիկ Նորիկյանի եզրափակիչ ճառն ամբողջությամբ՝ այստեղ։
Հայկազ Գրիգորյանի դատաքննական ցուցմունքն ամբողջությամբ՝ այստեղ։
Գլավոր լուսանկարում՝ Հայկազ Գրիգորյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)