ԿԿՆ-ն հրապարակել է մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրության արդյունքները. «Ինֆոքոմի» 9 հոդվածների հիմքով վարույթներ են նախաձեռնվել
12:31 - 14 մայիսի, 2025

ԿԿՆ-ն հրապարակել է մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրության արդյունքները. «Ինֆոքոմի» 9 հոդվածների հիմքով վարույթներ են նախաձեռնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2025 թվականի առաջին եռամսյակում մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում (2025 թ.-ի առաջին եռամսյակի և 2024 թ.-ի, որոնց ուսումնասիրությունները շարունակվել են 2025 թ․-ի առաջին եռամսյակում) Հանձնաժողովն ուսումնասիրել է մամուլի 24 հրապարակում, որոնցից 7-ը վերաբերել են շահերի բախմանը, 1-ը՝ վարքագծի կանոններին, 16-ը՝ հայտարարագրերին։ 

Հանձնաժողովի ուսումնասիրած 24 հրապարակումներից 8-ի հեղինակն «Ինֆոքոմն»  է։ Շահերի բախման վերաբերյալ Հանձնաժողովը ուսումնասիրել է «Ինֆոքոմի» 2 հրապարակում՝ «2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները» և «Շուրջ 135 միլիոն դրամի գնում՝ համայնքապետի ընտանիքին պատկանող ընկերությունից․ Գավառ համայնքի գնումները»։ 

Հանձնաժողովը 300 հազար դրամի չափով վարչական տույժի է ենթարկել Սևան համայնքի ղեկավարին՝ հիմնվելով համայնքային գնումներում շահերի բախման դեպքերի վերաբերյալ «Ինֆոքոմի» ուսումնասիրության վրա, իսկ Գավառ համայնքի ղեկավարին վարչական տույժի է ենթարկել հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։ 

Հայտարարագրման վերաբերյալ հրապարակումների ցանկում են «Ինֆոքոմի»՝ «Ուժային կառույցների ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, որոնց ծագման աղբյուրը հետագծելի չէ», «2 տարում 2․7 միլիարդ դրամի գնում՝ ավագանու անդամի ընկերությունից․ Սևան համայնքի ասֆալտապատման գնումները», «Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից», «Փոխքաղաքապետի կնոջ՝ հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող ծախսը», «Անհամապատասխանություններ Երևանի ավագանու մի շարք անդամների հայտարարագրերում», «Հարկային և մաքսային տեսուչների ստացած նվիրատվությունները հետագծելի չեն. ԿԿՀ-ն նրանց հայտարարագրերը չի ուսումնասիրել», «Դատական իշխանության ներկայացուցիչները խոշոր նվիրատվություններ են հայտարարագրում, սակայն դրանց գումարի ծագման աղբյուրը հետագծելի չէ» հրապարակումները։ Հանձնաժողովը վերոնշյալ հրապարակումների հիման վրա նախաձեռնել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթներ։

Նշենք, որ լրատվամիջոցների հրապարակումները կարող են դառնալ վարույթ հարուցելու հիմք, եթե պարունակում են կոնկրետ անձի կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների , վարքագծի կանոնների խախտումների  կամ շահերի բախման դեպքի առերևույթ խախտման հատկանիշներ։ Հրապարակումները կարող են հիմք հանդիսանալ նաև հայտարարագրերի վերլուծության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել