Կառավարությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը
11:23 - 15 մայիսի, 2025

Կառավարությունն անհրաժեշտ է համարում հստակեցնել վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ անել ՀՀ քրեական օրենսգրքում եւ Ռազմական ոստիկանության մասին օրենքում՝ քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու և մի շարք հանգամանքների զուգորդմամբ արարքը կատարված լինելու համար պատասխանատվության խստացման, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները և լիազորությունները հստակեցնելու համար:

Փոփոխության համաձայն, եթե քաղաքացին, օրենքով սահմանված հիմքերի բացակայության դեպքում, չի ներկայանում զինվորական կոմիսարիատ՝ վարժական հավաքին մասնակցելու համար, չի անցնում առողջական վիճակի ստուգում կամ հրաժարվում է մասնակցել հավաքին, ապա նրան կարող է սպառնալ տուգանք՝ տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով, կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 2 ամսով, կամ ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով։

Եթե քաղաքացին վարժական հավաքից խուսափի մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ եղանակով, ապա նրան կսպառնա ազատազրկում՝ 2–5 տարի ժամկետով։

Օրենքը, սակայն, հնարավորություն է տալիս ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե անձը կամովին ներկայանում և մասնակցում է վարժական հավաքին։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածով սահմանվել է վարժական հավաքից խուսափելու համար քաղաքացու պատասխանատվությունը: Գործող ձևակերպման մեջ օգտագործվում է «վարժական հավաքից խուսափելը` այդ վարժական հավաքից ազատվելու` օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության դեպքում» հասկացությունը, սակայն վարժական հավաքների կազմակերպման և անցկացման հարաբերությունները սահմանող «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածը չի նախատեսում վարժական հավաքից ազատման իրավունք, այլ սահմանում է վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը, միաժամանակ, նշված հիմքերը սահմանված են բացառապես նշված հոդվածում, որոնք ներառում են նաև «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածում նախատեսված՝ զորահավաքային զորակոչին կանչվելու ոչ ենթակա դեպքերը: Այսինքն՝ վարժական հավաքների կանչվելու ենթակա չլինելու հիմքերը սահմանված են բացառապես օրենքով:

Հիմնավորման մեջ նշված է, որ բացի վերը նշվածից, վարժական հավաքների կանչվող քաղաքացիների կողմից տարբեր ձևաչափերով իր հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտականության խախտման կամ օրենքով սահմանված առողջական վիճակի հետազոտում և բժշկական փորձաքննություն չանցնելու կամ որևէ այլ եղանակով վարժական հավաքին ներգրավվելուց հրաժարվելու դեպքերի օրենսդրորեն չամրագրված լինելու պատճառով շատ դեպքերում հնարավոր չի լինում ամբողջական որակում տալ քաղաքացու կողմից վարժական հավաքին չներգրավվելու հանգամանքին, որը հանգեցնում է քրեական վարույթների չհարուցմանը և, նմանատիպ առիթներով պայմանավորված, ներառյալ՝ քաղաքացիների և նրանց օրինական ներկայացուցիչների կողմից ձևական պատճառաբանությունների օգտագործմամբ, վարժական հավաքներին որոշակի թվով քաղաքացիների չներգրավման:

«Այդ կապակցությամբ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի կամ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ինչը մինչև 2022թ. հուլիսի 1-ը գործող քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասով հանգեցնում էր ավելի խիստ պատասխանատվության, որը սակայն առկա չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում: Համապատասխան վարքագիծը կանխելու նպատակով ներկայումս անհրաժեշտություն է առաջացել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը»:

Ինչ վերաբերում է «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների, ապա նախագծի փաթեթը ներկայացրած Պաշտպանության նախարարությունը նշում է, որ գործող օրենքով ռազմական ոստիկանության խնդիրներից է զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը․ «Նշված ձևակերպումից պարզ է դառնում, որ հանցագործությունների փաստերի հայտնաբերումը և բացահայտումը ռազմական ոստիկանության խնդիրների մեջ չի մտնում»,- նշված է հիմնավորման մեջ։ Ուստի առաջարկվում է ռազմական ոստիկանության վրա դնել նաեւ հանցագործությունների և այլ իրավախախտումների հայտնաբերման և բացահայտման լիազորություն։

Նախագիծն ընդունվեց չզեկուցվող հարցերի փաթեթով։ Հետագայում այն կքննարկվի խորհրդարանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել