ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «ՔՊ» խմբակցությունը առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը
16:03 - 24 սեպտեմբերի, 2024

ԿԲ խորհրդի անդամի թափուր տեղի համար ԱԺ «ՔՊ» խմբակցությունը առաջադրել է Լևոն Սահակյանի թեկնածությունը

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի նիստում քննարկել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ Լևոն Սահակյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնում թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով՝ Լևոն Սահակյանը 2022 թվականի մարտին Ազգային ժողովի կողմից ընտրվել է որպես ԿԲ խորհրդի անդամ և պաշտոնավարել սահմանված ժամկետներում: «Պարոն Սահակյանին մենք երկրորդ անգամ ենք առաջադրում այդ պաշտոնում»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:

Թեկնածուն ելույթում խոսել է Կենտրոնական բանկի հիմնական խնդիրների մասին` անդրադառնալով դրամավարկային քաղաքականությանը և ֆինանսական կայունության ապահովմանը: «ԿԲ հիմնական նպատակն է գների ու ֆինանսական կայունության ապահովումը: ԿԲ խորհուրդը հետևողականորեն կիրառում է իր տրամադրության տակ եղած դրամավարկային քաղաքականության ամբողջ գործիքակազմը»,- նշել է զեկուցողը` հավելելով, որ ցածր ու կայուն գնաճի ապահովմանն ուղղված հետևողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է, որը նպաստում է ներդրումներին, երկրի տնտեսական աճին և հասարակության բարեկեցության բարելավմանը: Լևոն Սահակյանի խոսքով այս համատեքստում ԿԲ-ն մշակում և իրականացնում է դրամավարկային քաղաքականություն, որի առաջնահերթությունն է խարսխել գնաճը և գնաճային սպասումները:

«Մենք վստահ ենք, որ գնաճի նպատակային ցուցանիշը համադրելի է եղել գների կայունության ապահովման մեր նպատակի հետ»,- ընդգծել է թեկնածուն: Նրա կարծիքով այսօրվա արագ փոփոխվող պայմաններում աճող անորոշությունները նոր մարտահրավերներ են ներկայացնում ԿԲ-ների համար, և դրանք պահանջում են նորարարական մոտեցումներ քաղաքականության մշակման հարցում:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել