ԱԺ-ն ընդունեց համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեի մասին օրինագիծը |armenpress.am|
06:30 - 06 դեկտեմբերի, 2019

ԱԺ-ն ընդունեց համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեի մասին օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալիս համայնքների միավորման կամ բաժանման հարցով անցկացնել տեղական հանրաքվե:

Ներկայացված նախագիծը հեղինակել են պատգամավորներ Վարազդատ Կարապետյանն ու Վահե Ղալումյանը:

Նախագծի համաձայն՝ կառավարության կողմից համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության դեպքում համապատասխան համայնքների բնակիչները համայնքների միավորման կամ բաժանման հարցով կարող են նախաձեռնել տեղական հանրաքվե: Համայնքի միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրում են խորհրդատվական բնույթ: Տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող մինչև նախաձեռնության գրանցման օրը տասնութ տարին լրացած անձինք:

Խորհրդատվական բնույթի տեղական հանրաքվե անցկացվելու դեպքում համապատասխան ընտրական հանձնաժողովը որևէ որոշում չի կայացնում և քվեարկության արդյունքների արձանագրությունը ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին և կառավարության լիազորած պետական մարմնին:

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ և 15 դեմ ձայներով:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել