azatutyun.am: «Մենք տնօրինում ենք մեր անցակետերի շարժը՝ ամբողջությամբ», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Հաջորդ տարվա հունվարի 1-ից Սյունիքի Ագարակի անցակետից, իսկ անցած օգոստոսին՝ «Զվարթնոց» Երևանի օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելով՝ իշխանությունն ավելացնում է Հայաստանի ինքնիշխանության բաղադրիչը, կարծիք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։
Երեկ Պուտին- Փաշինյանի երկկողմ հանդիպումից հետո միայն հայտնի դարձավ, որ երեք ամսից Մեղրիի հսկիչ-սահմանային կետում ռուսներին կփոխարինեն հայ սահմանապահները։ Իսկ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությունը ռուս սահմանապահները կիրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերի հետ միասին։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տարածեց վարչապետ Փաշինյանի խոսնակը։ Պարզ չէ՝ արդյոք քաղաքական այդ որոշումն ավելի վաղ էր կայացվել։
«Զվարթնոց»-ը հիշում եք, որ ինչ պայմանավորվածության արդյունքում դա դարձավ իրականություն. ոչ մեկը չէր հավատում, բայց Հայաստանի գործող իշխանությունները, ավելացնելով մեր ինքնիշխանության բաղադրիչը անցակետերում, առաջին քայլը հենց տեղի ունեցավ «Զվարթնոց» օդանավակայանում՝ այդ պարտականությունը Հայաստանի սահմանապահ ուժերին անցնելու տեսանկյունից, և հաջորդը՝ ինքներդ տեսաք, որ արդեն որոշում է կայացվել՝ հունվարի 1-ից Ագարակի անցակետը պետք է տնօրինեն մեր Սահմանապահ զորքերի ստորաբաժանումները», - ասաց Քոչարյանը:
Ագարակի անցակետում ռուսական սահմանապահ ուժերին Հայաստանի սահմանապահներով փոխարինելու որոշումից բացի, պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահն առավել կարևոր է համարում նաև, որ Իրանի և Թուրքիայի հետ պետական սահանին ռուս սահմանապահների հետ միասին ծառայություն պետք է իրականացնեն Հայաստանի սահմանապահ զորքերը:
Թե ինչ համամասնությամբ են հայ և ռուս սահմանապահները համատեղ պահպանություն իրականացնելու, ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ այդ մասին դեռ վաղ է խոսել:
«Եվ էդ անցումը ռուս սահմանապահ զորքերից հայկական սահմանապահ զորքերին բավականին ժամանակահատված կխլի մեզանից, որովհետև դրա ձևավորման պրոցեսը՝ պրոֆեսիոնալ տեսանկյունից և կարիքների ամրապնդման տեսանկյունից, ժամանակատար է», - ընդգծեց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Հարցին՝ «իսկ այդչափ ռեսուրսներ Հայաստանը ունի՞՝ սահմանապահ ծառայողներ, սահմանապահ ուժեր», Քոչարյանն արձագանքեց. - «Ի՞նչ է նշանակում՝ ռեսուրսներ ունի, Հայաստանը պետք է՞ Սահմանապահ զորքեր ունենա, Զինված ուժերի մասին չի խոսքը, Սահմանապա՛հ զորքերի: Վերջին հաշվով՝ մենք ունեինք անվանումը, բայց ծավալը և բովանդակությունը չէր համապատասխանում էդ նպատակներին, բայց սկսեցին ձևավորվել, չէ՞: Կիրանցում, տեսաք, չէ՞, որ սահմանապահ արդեն զորքերը ունեն իրենց տեղակայման վայրը, իրենց միավորը զորքերի տեսանկյունից, և էնտեղ ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը: Շատ շահարկվեց, որ սահմանապահ զորքերը ո՞նց պետք է պաշտպանեն էնտեղ, զինված ուժերն Ադրբեջանի ... Բայց խոսքը վերաբերում է սահմանի պահպանությանը, իսկ սահմանը խախտելու դեպքում արդեն կգործի ուժային այլ ռեսուրս»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)