azatutyun.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել ընդդիմադիր կուսակցություններին հաստատել իրենց հավատարմությունը «վրացական խարտիային», որը ենթադրում է, որ մինչ խորհրդարանական ընտրությունները նա ինքնուրույն կներկայացնի բարեփոխումների իրականացման համար պատասխանատու տեխնիկական կառավարությունը։
«Ես պատրաստվում եմ ներկայացնել տեխնիկական կառավարություն, որը կազմված է ոչ քաղաքական գործիչներից։ Այն պետք է ներկայացվի ավելի վաղ՝ ընտրություններից առաջ, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է պատասխանատու լինելու կառավարությունում»,- ասել է Զուրաբիշվիլին երեկվա ճեպազրույցում։
Ենթադրվում է, որ խարտիայի բարեփոխումների ծրագիրը Վրաստանին կվերադարձնի Եվրամիությանն ինտեգրման ուղի։ Գործընթացը դե ֆակտո կասեցվել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո։ Զուրաբիշվիլին խարտիան նախաձեռնել է մայիսի 26-ին՝ Վրաստանի անկախության օրը։ Նախագահի խոսքով՝ իր վերջին եվրոպական շրջագայության ընթացքում նա ստացել է երաշխիքներ, որ խարտիայի իրականացումը երկիրը կտանի անդամակցության բանակցությունների բացմանը:
Կանոնադրությունը ստորագրել են արևմտամետ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք ընտրություններին գնում են չորս կոալիցիաների կազմում։
comment.count (0)