armeniasputnik.am։ «Ա1+»–հեռուստաընկերությունը մտադիր է մասնակցել առաջիկայում հայտարարվելիք հեռուստակապուղու մրցույթին։ Լրատվամիջոցը մտադիր է հասնել նաև նրան, որ նախկինում պարտված 7 մրցույթներն ու դրանց վերաբերյալ դատարանների որոշումները դատական կարգով անօրինական ճանաչվեն։
«Ա1+» հեռուստաընկերությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ կառավարության։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը։
«Սա դավաճանություն չէ, սա թշնամություն չէ։ Իրավահաջորդ կառավարությունը, որը ղեկավարում է պետությունը, պարտավոր է վերականգնել արդարությունը, ինչպես որ խոստացել է»,– ասաց Մովսեսյանը։
Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ
Դատական հայցով հեռուստաընկերության ղեկավարությունը Հայաստանի այսօրվա կառավարությունից պահանջում է ընդունել իր նախորդների սխալներն ու վերականգնել «Ա1+»–ի` 17 տարի շարունակ խախտված իրավունքները։
Նշենք, որ խոսքը 2003թ.–ին ՀՌԱՀ կայացրած որոշման մասին է, որով հեռուստաընկերոթւյունը զրկվեց հաճախականությունից։ Այս որոշումը ՀՀ ներպետական ատյաններում բողոքարկելու երկարատև գործընթացը ոչ մի արդյունք չտվեց։
Բացի այդ, 2003թ.-ից ի վեր «Ա1+»–ը պարտվել է նաև ՀՌԱՀ հայտարարած հետագա 7 մրցույթներում։ Այդ որոշումները ևս բողոքարկվել են ՀՀ ներպետական ատյաններում։ Բայց «Ա1+»–ի պահանջները մերժվել են։
2008 թ. –ին, ՄԻԵԴ–ն արձանագրեց «Ա1+»–ի իրավունքների խախտման փաստն ու ՀՀ–ին պարտավորեցրեց «Ա1+» –ի սեփականատեր «Մելտեքս» ՍՊԸ-ին վճարել 30 000 եվրո` որպես ոչ նյութական վնասի ու դատական ծախսերի փոխհատուցում։
Հայ լրագրողների աննախադեպ այցն Ադրբեջան. ի՞նչն էր անսպասելի նրանց համար
«Սա միայն «Ա1+»-ի խնդիրը չէ, սա բոլորի խնդիրն է։ Բոլորն այսօր ինչ-որ բողոք ունեն մամուլից, որ այն իր դերը չի կատարում, բայց ոչ ոք չի հիշում, թե հիմքը երբ դրվեց։ Ռոբերտ Քոչարյանն «Ա1+»-ի միջոցով վախի մթնոլորտ ստեղծեց Հայաստանում, հիմք դրեց Հայաստանում մամուլը ոչնչացնելուն ու այդ ճանապարհով Հայաստանը շարունակեց ապրել ամբողջ 17 տարի»,– ասաց Մովսեսյանը։
Այդուհանդերձ, «Ա1+»–ի այսօրվա հայցը բացառապես ՀՀ–ի դեմ է։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայց ընկերությունը չի ներկայացրել ու չի էլ նախապատրաստվում ներկայացնել։
«Քոչարյանի դեմ հայցադիմում հնարավոր չէ բերել, քանի որ իրավաբանորեն նման մեխանիզմ մենք չունենք։ Դա ավելի շատ բարոյաէթիկական դաշտում է։ Հետևաբար, մեր օպոնենտը պետությունն է»,– պարզաբանեց փաստաբան Արա Ղազարյանը։
Շիրակի հանրային հեռուստաընկերության աշխատակիցները վերջին աշխատավարձերը կստանան
Դատական հայցը վարույթ ընդունելուց հետո 15-օրվա ընթացքում կառավարությունը պետք է ներկայացնի «Ա1+»–ի պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը։
«Կամ կառավարությունը կասի, որ ամեն ինչ եղել է օրինական, այդ իրավունքների խախտումներն իրավունքների խախտում չեն, կա՛մ պետք է ասի` այո։ Երրորդ տարբերակ չկա, ըստ էության։ Կառավարությունը չի կարող մասնակի ընդունել»,–ասաց «Ա1+»–ի փաստաբան Դավիթ Ասատրյանը։
Փաստաբան Արա Ղազարյանն էլ նշեց, որ բացասական դիրքորոշում ներկայացնելու պարագայում, կառավարությունը, փաստորեն, կհերքի «Ա1+»–ի հարցով տարիներ առաջ ՄԻԵԴ–ի կայացրած որոշումը, որով արդեն արձանագրվել է «Ա1+»–ի կոնվենցիոն իրավունքների խախտումը։ Այս իրավիճակում, ըստ Ղազարյանի, թե՛ կառավարությանը, և թե՛ դատարանին մնում է ասել, որ «Ա1+»–ի նկատմամբ տարիներ շարունակ կամայանական որոշումներ են կայացվել։
Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Դավիթ Ասատրյանը
«Եվ դա բերելու է արդեն շղթայական ռեակցիայի։ Նախ պետք է այդ անիրավաչափ դատական ակտերը վերացվեն, երկրորդ քայլով մենք պետք է հասնենք նրան, որ նոր դատական ակտեր կայացվեն, որ «Ա1+»–ի դատական ակտերը խախտվել են։ Դրանից հետո դրվելու է արդեն ֆինանսական մեծ պահանջ»,– ասաց Ղազարյանը։
Փոխհատուցման չափն «Ա1+»-ն առայժմ չի բացահայտում։ Մեսրոպ Մովսեսյանի խոսքով, լրատվամիջոցի` 17 տարվա ընթացքում կրած վնասը դեռ չի հաշվարկվել։
Բայց մինչ դատական ատյանները կքննեն «Ա1+»–ի խախտված իրավունքների հարցը, հեռուստաընկերությունը մտադիր է արդարությունը վերականգնել կապուղու նոր մրցույթին մասնակցելով։
Մեսրոպ Մովսեսյանը չի թաքցնում` «Ա1+»–ի տեխնիկական ներկա հնարավորությունները բավարար չեն, բայց սկզբի համար նորմալ են։
Պողոսյան. «Մտավախություն ունեմ, որ ադրբեջանցիներին թույլ չեն տվել իրականությունը գրել»
Մրցույթը շահելուց հետ «Ա1+»-ի տնօրենը հույս ունի, որ դատական երկարատև պրոցեսի ավարտին կստանան նաև դրամական փոխհատուցում, որով կկարողանան տեխնիկապես հավասարվել գործող հեռուստաընկերություններին։ «Ոչ թե մուրանք, ինչ–որ մեկից վերցնենք, այլ մեր հասանելիք գումարը ստանանք և ներդնենք զարգացման վրա»,–ասաց նա։
Թե ինչ ժամկետներում կհայտարարվի առաջիկա մրցույթն ու «Ա1+»–ից բացի ինչ ընկերություններ կմասնակցեն դրան, Մովսեսյանը տեղյակ չէ։
Որոշ տեղեկություններով` մրցույթը հայտարարվելու է ներկայիս «Կենտրոն» հեռուստաընկերության կապուղու շուրջ, որի շահագործման տրամադրման ժամկետը մոտենում է ավարտին։
Ինչ վերաբերում է անցած 17 տարիների ընթացքում տանուլ տված 7 մրցույթներին, «Մելտքս ընկերության տնօրենը հիշեց, որ ամեն ինչ սկսվեց 2003թ–ին` «Շարմ» ընկերության հաղթանակով, որը նույն տարում կապուղին վաճառեց այլ ընկերության։ «Պարտվել ենք «Արմնյուզին», «Երկիր Մեդիային», «Շանթին»։ Պարտվել ենք բոլոր նրանց, ովքեր այսօր եթերում են»,– ասաց նա։
Այդուհանդերձ, «Ա1+»–ի սեփականատերը վստահեցնում է` իրենց պահանջն այդ ընկերությունների ու դրանց տերերի դեմ չէ։ Դատարանում ցանկալի արդյունքի հասնելուց հետո էլ «Ա1+»–ն իր գործընկերներին որևէ պահանջ չի ներկայացնելու։
comment.count (0)